Սևանա լճից ջրի չափաքանակի փոփոխությունն ուղղված է գյուղատնտեսական խնդիրների լուծմանը. Հարությունյան
«2016 թվականի սցենարով աշխատելով՝ Սևանա լճից լրացուցիչ ջրառ չիրականացնելու դեպքում համակարգում առկա են մնում միայն չլուծված խնդիրներ՝ Սևան-Հրազդան համակարգում 50 միլիոն մ3 ջրի դիֆիցիտ, Արաքս-Ախուրյան համակարգում՝ 105 միլիոն մ3 ջրի դիֆիցիտ»,- Ազգային ժողովի արտահերթ նիստում «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական նախագծի քննարկմանն ասաց հիմնական զեկուցող ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը:
Նշենք, որ նախագծով առաջարկվում է սահմանված ոռոգման նպատակով Սևանա լճից տարեկան բացթողման 170 մլն մ 3 չափաքանակի ավելացում՝ դարձնելով այն մինչև 270 մլն մ 3 :
«Սևանա լճից ջրի բաց թողման տարեկան առավելագույն չափաքանակի փոփոխության վերաբերյալ ժամանակավոր ծրագիրն ուղղված է սոսկ գյուղատնտեսական խնդիրների լուծմանը և կոչված է բավարարելու համակարգի առջև ծառացած առկա խնդիրները»,- հայտարարեց Արսեն Հարությունյանը:
Նա տեղեկացրեց, որ Սևան-Հրազդան ջրառի իշխման տարածքում այս տարի նախորդ տարվա համեմատ Ապարանի և Ազատի ջրամբարներում ոռոգման ջրաքանակը պակաս է 17 միլիոն մ3- –ով, Հրազդան գետի ջրատվությունը՝ 40 միլիոն մ3 –ով: 2016-ին եղել է 150 միլիոն մ3 , 2017 թվականի նույն ժամանակահատվածում՝ 110 միլիոն մ3: 2016 թվականին ևս 60 միլիոն մ3 ջուր արտադրվել է Մխչյանի, Ռանչպարի պոմպակայանների միջոցով, ծախսը կազմում է 1,2-1,3 միլիրադ դրամ:
«Այսպիսով՝ Սևան-Հրազդան համակարգում առկա է 117 միլիոն մ3 ջրի դիֆիցիտ անցած տարվա նկատմամբ: Նախորդ տարվա սցենարով ջրամատակարարում իրականացնելու դեպքում Մխչյանի, Ռանչպարի պոմպակայանները կարող են լրացնել այս դիֆիցիտի շուրջ 50 տոկոսը միայն: Այդ իսկ պատճառով Սևանից լրացուցիչ ջրառը դառնում է անհրաժեշտություն»,- նշեց հիմնական զեկուցողը:
Նրա խոսքով, խնդիրն առավել սուր բնույթ է ստանում, երբ Սևան-Հրազդան համակարգի կարիքներին գումարվում է նաև Արաքս-Ախուրյան համակարգի խնդիրները:
«2016 թվականի համեմատ, Ախուրյանի ջրամբարի առավելագույն լցվածությունը 105 միլիոն մ3-ով պակաս է. 2016-ին եղել է 545 միլիոն մ3, այս տարի առավելագույն լցվածությունը՝ 440 միլիոն մ3:
Ախուրյան-Արաքս համակարգի իշխման տակ գտնվող հողատարածքների ջրապակասի լրացման միակ տարբերակը մեխանիկական ջրարտադրությունն է Արմավիրի տարածքի խորաքային հորերի շահագործման միջոցով, ինչը կպահանջի առնվազն 1,2-1,3 միլիարդ դրամ հավելյալ ծախս:
Արդյունքում երկու համակարգում էլ ունենք թերոռոգում, որը կարող է հանգեցել անկառավարելի ռիսկերի գյուղատնտեսական արտադրանքների վերջնարդյունքի կորստի՝ առոչինչ դարձնելով նաև մինչ այդ իրականացված ջրամատակարարումը, ինչպես նաև շուրջ 130 հազար հողօգտագործողների կողմից կատարված ծախսերն ու մուծումները»,- ասաց Ա. Հարությունյանը:
Հարակից հրապարակումներ`
- Զեյնալյանն առաջարկեց ավելի շատ ժամանակ հատկացնել Սևանա լճի վերաբերյալ քննարկմանը
- Քննարկում ԱԺ-ում. Սևանա լճից լրացուցիչ 100 մլն խմ ջրի բացթողումը թույլ կտան կատարել մեխանիկական ջրարտադրություն
- Սևանա լճի մակարդակի իջեցումը կբերի անխուսափելի ճահճացման. մասնագետ
- Առաջարկվում է փոխել Սևանա լճից բացթողումների չափաքանակը
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին