Թուրքիայի աջակցությունն Ադրբեջանին հրահրում է առավել ապակառուցողական դիրքորոշման. քաղաքագետ
Ադրբեջանը միշտ էլ գիտակցել է, որ ղարաբաղյան հակամարտության խնդրում Թուրքիան եղել և մնում է իր դիրքորոշման աջակիցը։ Այդ երկիրը շատ լավ գիտի, որ իրեն սատարելու համար Թուրքիան զոհաբերել է անգամ հարաբերությունների կարգավորումը Հայաստանի հետ: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը՝ անդրադառնալով Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի այն հայտարարությանը, թե՝ Անկարան երբևէ չի հաշտվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը խախտելու իրողության հետ։
«Ակնհայտ է, որ արցախյան խնդրի կարգավորումը Թուրքիան տեսնում է նույն տրամաբանության մեջ, ինչ Ադրբեջանը։ Այս տեսանկյունից Ադրբեջանը հանդես է գալիս որպես Թուրքիայի տնտեսական, քաղաքական և ռազմականա աջակցությունը զգացող երկիր։ Թուրքական աջակցությունն Ադրբեջանին հրահրում է առավել ամուր պնդել ապակառուցողական իր դիրքորոշումը, ինչն էլ խոչընդոտում է հակամարտության կարգվորմանը։ Իսկ այդ կարգավորմանը սպասում է ամբողջ քաղաքակիրթ աշխարհը»,- նկատեց քաղաքագետը։
Ալեքսանդր Մարկարովի խոսքով, երբ Աբդուլլահ Գյուլը հայտարարում է, որ մեծ տերությունները ղարաբաղյան խնդրին պատշաճ ուշադրություն չեն հատկացրել, շատ լավ հասկանում է, որ դա ամենևին էլ այդպես չէ: Ավելին, նա շատ լավ գիտի՝ ինչ մեխանիզմներ է միջազգային հնարությունը պարբերաբար բանեցնում այդ ուղղությամբ։
«Թուրքիայի նախկին նախագահը գիտի, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորողները Հայաստանն, Արցախն ու Ադրբեջանն են։ Նա նաև գիտի, որ խնդրի կարգավորման համար քաղաքական կամք է անհրաժեշտ, որն այդպես էլ չի դրսևորում Ադրբեջանը։ Ադրբեջանը չի դրսևորում նաև բարիդրացիական վերաբերմունք, չի գնում հակամարտ կողմերի միջև վստահության մթնոլորտի ձևավորանը, հակառակը՝ շարունակաբար խախտում է հրադադարի ռեժիմը»,- նկատեց Ալեքսանդր Մարկարովը։
Քաղաքագետ Մանվել Սարգսյանը մեզ հետ զրույցում կիսեց Մարկարովի այն տեսակետը, որ Ադրբեջանը մշտապես զգում է Թուրքիայի աջակցությունը՝ այսպիսով ամրապնդելով իր ապակառուցողական դիրքորոշումը։
Նրա խոսքով, Թուրքիան այն գործոնն է, որի կարծիքի հետ, ազգային շահերից ելնելով, կարող են մի շարք երկրներ հաշվի նստել։
«Եթե Թուրքիան առաջարկում է պաշտպանել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, պարզ է, որ կգտնվեն ինչպես նրա առաջարկը կիսողներ, այնպես էլ չկիսողներ՝ նայած, թե խնդիրն ինչպես է ներկայացվում։ Մինչև հիմա ՀՀ դիվանագիտությունը որևէ կերպ չի կարողացել հակակշռել այս դիրքորոշմանը»,- ամփոփեց Մանվել Սարգսյանը։
Հիշեցնենք՝ Թուրքիայի նախկին նախագահը հայտարարել է, որ «Անկարան երբևէ չի հաշտվի եղբայրական երկիր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը խախտելու իրողության հետ»:
Գյուլի խոսքով՝ Թուրքիան և Ադրբեջանը մեկ ազգ են, երկու պետություն, «Ադրբեջանի տարածքների զավթումը» երկար է տևում, սակայն պետք է բանակցել:
«Դժբախտաբար, մեծ տերությունները խնդրին պատշաճ ուշադրություն չեն հատկացրել: Ինձ համար առաջնահերթը ՄԱԿ-ի կողմից դատապարտված այդ գրավման դադարեցումն էր»,- ասել է նա։