Ախալքալաքի թանգարանում ցուցադրվել են ազգային տարազներ
Ախալքալաքի Գավառագիտական թանգարանում տեղի է ունեցել գորգերի, Հայաստանի տարբեր մարզերի հայկական ազգային տարազների և հայկական հնագույն նախշերով արծաթյա զարդերի ցուցահանդես-վաճառք: jnews.ge-ի հաղորդմամբ, ներկայացված էին Լիլիթ Մելիքյանի Հայաստանի տարբեր մարզերի հայկական հնագույն ազգային տարազների հավաքածուն, այլ աշխատանքներ «Տերյան» մշակութային կենտրոնից, ասեղնագործուհի Արփի Ավդալյանի աշխատանքները և Տաթև Հովակիմյանի պատրաստած արծաթյա զարդերը:
Վարպետների և ձեռագործների խումբը Ախալցխայում մասնակցել է «Ռաբաթ» գորգերի միջազգային փառատոնին և Միտրոպոլիտ Նիկոլոզի հրավերով այցելել Ախալքալաք: Նրանք արդեն երկրորդ տարին է մասնակցում են գորգերի միջազգային փառատոնին, իսկ Ախալքալաքում ցուցադրվում են առաջին անգամ:
Սամցխե-Ջավախքի և Ծալկայի Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդական փոխանորդ, վարդապետ Բաբկեն Սալբիյանը շնորհակալություն է հայտնել Միտրոպոլիտ Նիկոլոզին, որ նա հնարավորություն է տվել ախալքալաքցիներին տեսնել հին գորգերի այս հավաքածուն և հայկական ազգային տարազները:
«Մենք միշտ ցանկացել ենք ունենալ հին հայկական գորգերի և Հայաստանի տարբեր մարզերի ազգային տարազների նման ցուցահանդես: Նման միջոցառումները միշտ տեղի են ունենում մեծ քաղաքներում, և մեր ժողովուրդը հեռու է մնում նման միջոցառումներից: Շնորհակալություն նաև Տաթև Մուրադյանին, ով համաձայնեց ցուցադրվել նաև Ախալքալաքում», – ասել է Բաբկեն Սալբիյանը:
Տաթև Հովակիմյանը ներկայացրել է հայկական ճարտարապետության զարդանախշերով արծաթյա զարդեր, որը պատրաստել է իր ձեռքերով:
«Բոլոր զարդանախշերը վերցված են հնագույն եկեղեցիներից: Ես աշխատում եմ Ուրարտական ոճով և փորձում եմ պահպանել արծաթագործության հին ավանդույթները», – նշել է Տաթև Հովակիմյանը:
Արփի Ավդալյանը ներկայացրել է ասեղնագործ աշխատանքները, որոնցից յուրաքանչյուրը եզակի է:
«Ասեղնագործված հնագույն զարդանախշերը ես տեղադրում եմ արծաթյա շրջանակներում, դրանք կարելի է օգտագործել», – ասել է Արփի Ավդալյանը:
Տաթև Մուրադյանը, ով ներկայացնում է «Հանգույց» ժողովրդական մշակույթի հիմնադրամը և «Մետաքսի ճանապարհ» հյուրանոցը, ասել է, որ «Տերյան» կենտրոնն ունի Ջավախքի և Ախալցխայի շատ տարազներ, և նրանք նորից կգան Ախալքալաք ցուցադրելու Ջավախքի տարազները:
«Ես կխոսեմ «Տերյան» կենտրոնի տնօրենի հետ, և մենք անպայման կցուցադրենք այստեղ Ջավախքի տարազները: Մենք պարզապես չգիտեինք, թե գալու ենք Ախալքալաք: Արդեն գտել ենք կապեր, համագործակցություն և պլանավորում ենք մեր ապագա այցը », – ասել է Տաթև Մուրադյանը: