Սեյրան Նիկողոսյան. Հրաձիգները սպասվածից վատ հանդես եկան
Հրաձգության Հայաստանի երիտասարդական հավաքականն օրեր առաջ Գերմանիայի Զուլ քաղաքում մասնակցել է աշխարհի առաջնությանը: Հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի հույսերը չեն արդարացել` ոչ մի մասնակից եզրափակչում: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում մարզիչը խոսել է հայ հրաձիգների մրցելույթների մասին.
«Շատ լավ էինք պատրաստվել աշխարհի առաջնությանը եւ անհաջող ելույթներն իսկապես զարմացրին: Մեր հրաձիգները սպասվածից վատ հանդես եկան: Մրցանակային տեղի ակնկալիք Զավեն Իգիթյանից ունեի: Նա ավելի փորձառու է եւ տարիքը համապատասխանում էր, բայց չստացվեց:
Մյուս մարզիկները պատանիներ են: Նրանց մոտ գուցե լարվածությունն էր մեծ, քանի որ առաջին անգամ էին մասնակցում աշխարհի երիտասարդական առաջնությանը: Յուրաքանչյուր մրցաշարից առաջ բոլորը մեդալ են ակնկալում, իսկ դա հոգեբանորեն ճնշում է:
Պատանիներն ավելի շատ փորձառության համար մրցեցին: Նրանց համար հաջորդ տարին շատ կարեւոր է, քանի որ առջեւում Բունեոս Այրեսի պատանեկան օլիմպիական խաղերն է: Մինչ այդ, նրանք պետք է մասնակցեն վարկանիշային մրցաշարերի եւ Խաղերին մասնակցելու իրավունք ձեռք բերեն»,- ասել էՍեյրան Նիկողոսյանը:
Մարզիչը նշել է, որ առաջիկայում հրաձիգները կմարզվեն տեղում եւ կմասնակցեն ներքին մրցաշարերին: