Պետական թանգարանների համար հաստատվել է տոմսերի գնային նոր կարգ
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի 2017թ. հունիսի 29-ի հրամանով նախարարության ենթակայության թանգարաններում մշտական այցելության տոմսի գինը պետք է սահմանվի 200-2000 դրամ։
Նախարարության տեղեկացմամբ, Հայաստանի ազգային պատկերասրահի և Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղերի մշտական այցելության տոմսի գինը պետք է սահմանվի 200-500 դրամ։ Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության մասնաճյուղերինը՝ 250-1500 դրամ։
Թանգարանի մշտական ցուցադրության բացատրության (էքսկուրսիայի) տոմսի գինը՝ հայերեն և օտար լեզուներով, սահմանվել է 1000-5000 դրամ։
Ամսվա վերջին շաբաթ օրը պետական թանգարաններում բոլոր այցելուների համար մուտքն անվճար է։ Մնացած օրերին անվճար այցելելու իրավունք է վերապահված (անձը և կարգավիճակը հաստատող փաստաթղթի առկայությամբ) հետևյալ անձանց.
. Ժամկետային զինծառայողներին
. ՀՀ սահմանամերձ շրջանի դպրոցական տարիքի երեխաներին ( նախօրոք ներկայացված հայտերի հիման վրա)
. Նախադպրոցական տարիքի երեխաներին
. Երկկողմանի ծնողազուրկ երեխաներին
. Լրագրողներին
. Թանգարանների միջազգային խորհրդի ( ԻԿՕՄ) անդամներին, թանգարանային աշխատողներին, պետական պաշտոնական պատվիրակությունների, Նկարիչների միության անդամներին
. Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցներին, հաշմանդամների 1-ին խմբի (ուղեկցողի հետ), հաշմանդամների 2-րդ և 3-րդ խմբերի ( առանց ուղեկցողի) ներկայացուցիչներին
. Հատուկ խնամքի և կենցաղային սպասարկման կարիք ունեցող ծերերին, աղքատության (ընտանեկան) նպաստի համակարգում ընդգրկվածներին, բազմազավակ ընտանիքների երեխաներին
Ինչ վերաբերում է զեղչերին.
. Զբոսաշրջության նպատակով մեծաքանակ տոմսերի վաճառքի դեպքում թույլատրելի է տոմսի գինը մինչև 20 տոկոս նվազեցնելու շուրջ պայմանագրի կնքումը օպերատորների կամ գործակալների հետ
. Հայաստանի և Արցախի Հանրապետությունների տարածքներում մարտական գործողություններ ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքների անդամների համար՝ 50 տոկոս զեղչ (անձը և կարգավիճակը հաստատող փաստաթղթի առկայությամբ)
. ՀՀ քաղաքացի կենսաթոշակառուների համար՝ 50 տոկոս զեղչ (անձը և կարգավիճակը հաստատող փաստաթղթի առկայությամբ)
. Փախստականների համար՝ 50 տոկոս զեղչ (անձը և կարգավիճակը հաստատող փաստաթղթի առկայությամբ)
. Մշակույթին առնչվող մասնագիտություններ ուսանողների համար՝ 25 տոկոս զեղչ (անձը և կարգավիճակղը հաստատող փաստաթղթի առկայությամբ)
. Դպրոցական տարիքի երեխաների համար՝ առավելագույնը 300 դրամ (անձը և կարգավիճակը հաստատող փաստաթղթի առկայությամբ)
Թանգարանի մշտական ցուցադրությունում մասնագիտական լուսանկարման և տեսագրման թույլտվությունը վերապահված է միայն թանգարանի տնօրենությանը՝ պետական լիազոր մարմնի հետ համաձայնեցմամբ։
Թանգարաններում կրթական ծրագրերի գները պետք է սահմանվեն 600-3000 դրամ, իսկ լրացուցիչ ծախսեր պահանջող կրթական ծրագրերի գների ավելացման առիթի դեպքում հարցը պետք է նախապես համաձայնեցնել պետական լիազոր մարմնի հետ։