Ենոքավանի տեղեկատվական կենտրոնը կզարգացնի համայնքի զբոսաշրջությունը
«Ենոքավան համայնքում մենք ազդարարում ենք նոր ենթակառուցվածքի բացում, որը լի է համայնքի և տարածաշրջանի զբոսաշրջությունը զարգացնելու ներուժով և միտված է բավարարելու տուրիստների ակնկալիքները»,- այսօր Տավուշի մարզի Ենոքավան համայնքում զբոսաշրջության զարգացման տեղեկատվական կենտրոնի բացման արարողության ժամանակ նշել է Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի (ՓՄՁ ԶԱԿ) գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանը։
Ըստ Մնացականյանի՝ զբոսաշրջությունն զարգացումն առաջնահերթ ուղղություններից մեկն է կառավարության և Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի համար:
«Այս կենտրոնը խոստանում է լինել կարևոր հանգրվան, տեղեկատվական կենտրոն և կարճատև հանգստի վայր այցելուների համար: Այն նաև նպաստելու է Ենոքավանի մասին տեղեկատվության տարածմանը և որպես զբոսաշրջային արժեշղթայի գործունեության արդյունք՝ նպաստելու է նոր հյուրատների և տուրիստական այլ ենթակառուցվածքների ստեղծմանը»,- ասել է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրենը:
Կենտրոնից տեղեկացնում են, որ Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը նույնպես ողջունել է կենտրոնի բացումը և համոզմունք հայտնել, որ դրա գործունեությունը կնպաստի տեղական տնտեսության զարգացմանը.
«Ենոքավանի զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնը» վերակառուցվել է Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի և Ենոքավանի զարգացման հիմնադրամի համագործակցության շնորհիվ՝ ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Գործընկերություն՝ հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID/PRP) ծրագրի շրջանակում, որն իրականացնում են Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնը և նրա գործընկերները:
Կենտրոնում զբոսաշրջիկները հնարավորություն կունենա տեղեկություն ստանալ մոտակա հյուրատների, վրանային գոտիների, ձիարշավարանների, հետիոտն արահետների, արկածային շրջագայությունների և այլ զբոսաշրջային հնարավորությունների մասին: Կենտրոնի գործունեության նպատակներն են լինելու՝ Ենոքավանի՝ Հայաստանում որպես զբոսաշրջության հիմնական ուղղություններից մեկը, զարգացումը, զբոսաշրջիկների այցելությունների թվի ավելացումը և նրանց հոսքի կանոնավոր կազմակերպումը, Ենոքավան համայնքի մասին իրազեկության բարձրացումը, համայնքի գործարարներին աջակցության տրամադրումը, գործարար դասընթացների և հանդիպումների կազմակերպումը: Կենտրոնը ծառայելու է նաև որպես Ենոքավանի զարգացման հիմնադրամին կից զբոսաշրջային տեղեկատվական գրասենյակ: