Ապրիլյան պատերազմի հերոս Աշոտ Շահբազյանի ծննդյան օրը բացվել է նրա հիշատակը հավերժացնող հուշակոթող
Հուլիսի 5-ը ապրիլյան պատերազմում զոհված ավագ լեյտենանտ Աշոտ Շահբազյանի ծննդյան օրն է: Լեյտենանտը կդառնար 24 տարեկան:
Իր ծննդավայրում՝ Ախուրյանում, այսօր բացվել է լեյտենանտի հիշատակը հավերժացնող հուշակոթող ու ցայտաղբյուր:
Աշոտը ծնվել է Շիրակի մարզի Ախուրյան գյուղում, սովորել տեղի դպրոցում, ապա ուսումը շարունակել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, որն ավարտելուց հետո ծառայության է անցել Ջաբրաիլում: Ռազմական ինստիտուտում սովորելու տարիներին նա աչքի է ընկել ուսման բարձր առաջադիմությամբ և ակտիվ հասարակական գործունեությամբ, վաշտի գյուտարարական և նորարարական խմբի ակտիվ անդամ էր: Աշոտ Շահբազյանն ուներ հետաքրքրությունների լայն շրջանակ. զբաղվում էր սպորտով՝ բռնցքամարտով ու ֆուտբոլով, ուներ մրցանակներ:
Պատահական չէր, որ Աշոտն ընտրել էր զինվորականի ուղին: Արցախյան պատերազմի ժամանակ նրա հայրը՝ Կարապետ Շահբազյանը հորեղբոր որդիների հետ միասին մեկնել էր Արցախ: Պատերազմի ժամանակ հորեղբոր տղաները զոհվել էին, և Կարապետ Շահբազյանն իր որդիներին անվանակոչել է եղբայրների անուններով՝ Աշոտ և Հունան:
Լեյտենանտը զոհվել է 2016 թվականի ապրիլի 2-ին: Մարտական դիրքի վրա թշնամու հանկարծակի հարձակման ժամանակ բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանվել և հետ է շպրտել հակառակորդին: Ծավալված թեժ մարտերի ընթացքում լեյտենանտ Աշոտ Շահբազյանը վիրավորվել է, սակայն չի լքել դիրքը, շարունակել է մարտն ու արիաբար զոհվել: Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական ծառայություն» մեդալով և ՀՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով:
Լեյտենանտի զինվորներից Արման Ավետիսյանը Panorama.am-ի հետ զրույցում պատմել է, որ մարտական գործողությունների ժամանակ դասակի վիրավոր հրամատարին՝ լեյտենանտ Շահբազյանին փորձել է փրկել, սակայն այդ ժամանակ նռնակը պայթել է և կորցրել է ձախ ոտնաթաթը: «Նա մահացավ: Սկզբում անհետ կորածների ցուցակում էր, հետո իմացանք, որ զոհվել է: Սիմոնյան Ազատը, Սարգսյան Նորիկը՝ Երանոս գյուղից, Գևորգյան Արթուրը, Գրիշան, Ադամը մեր վաշտից էր, Կարենը Ներսիսյանը… Բոլորն էլ թագավոր տղաներ են, բոլորին էլ ճանաչում էի, շփում եղել էր, բոլորն էլ իրենց կյանքը պատրաստ էին հայրենիքի համար տալու: Ու տվեցին: Ես իրենց հարգում եմ, շատ սիրում եմ»,- ասել է Արմանը:
Նշենք, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ծանր մարտում զոհվել են տվյալ մարտական դիրքի և դրան հարակից այլ դիրքի 19 հայ զինծառայողներ. փոխգնդապետներ Ալեքսան Առաքելյանը, Օնիկ Գրիգորյանը, Ռոման Պողոսյանը, մայոր Սուրեն Մելքումյանը, ավագ լեյտենանտ Մաքսիմ Գրիգորյանը, լեյտենանտ Աշոտ Շահբազյանը, սերժանտներ Արման Անդրեասյանը, Կարեն Ներսիսյանը, Ադամ Սահակյանը, կրտսեր սերժանտ Սաշա Գալստյանը, շարքայիններ Բագրատ Ալեքսանյանը, Տիգրան Բերակչյանը, Անդրանիկ Գրիգորյանը, Արթուր Գևորգյանը, Ժորա Եսայանը, Նորիկ Սարգսյանը, Գրիգոր Հարությունյանը, Ազատ Սիմոնյանը, Բորիս Օզմանյանը:
Ի դեպ արցախյան պատերազմի առաջին օրերին պաշտպանության բանակի զոհված սպաներից երկուսը՝ Հովսեփ Կիրակոսյանը և Աշոտ Շահբազյանը «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» հիմնադրամի կամավոր դոնորներ էին:
Հարակից հրապարակումներ`
- Ապրիլյան պատերազմում զոհված սերժանտ Վլադիմիր Մելքոնյանն այսօր կդառնար 21 տարեկան
- Հայրենիքի սերը՝ կյանքից առավել. Սասուն Մկրտչյան
- Մայիսի 18-ը ապրիլյան պատերազմում զոհված Դավիթ Հայրապետյանի ծննդյան օրն էր
- Բենիամին Եղոյան՝ Մոնթե. Ապրիլյան պատերազմի հերոսն այսօր կդառնար 25 տարեկան
- Արգիշտի Գաբոյան. ապրիլյան պատերազմում հերոսացած ավագ լեյտենանտն այսօր կդառնար 26 տարեկան
- Մարտակերտի արծիվներից մեկը՝ Անդրանիկ Զոհրաբյանն այսօր կդառնար 21 տարեկան
- Ապրիլյան պատերազմի հերոս Քյարամ Սլոյանն այսօր կդառնար 21 տարեկան
- Սարգիս Սահակյան. ապրիլյան պատերազմում զոհված հերոսն այսօր կդառնար 22 տարեկան
- Կարեն Ներսիսյան. ապրիլյան պատերազմում հերոսացած զինվորն այսօր կդառնար 20 տարեկան
- Աղոթք ու խնկարկում` ի հիշատակ ապրիլյան պատերազմի զոհերի
- Տիգրան Բերակչյան. ապրիլյան պատերազմում հերոսացած զինվորն այսօր կդառնար 20 տարեկան
- Այսօր ապրիլյան պատերազմում զոհված, ավագ լեյտենանտ Հրաչ Գալստյանի ծննդյան օրն է
- Ապրիլյան պատերազմի հերոս Աղասի Ասատրյանն այսօր կդառնար 21 տարեկան
- Այսօր ապրիլյան պատերազմում զոհված Վլադիմիր Նարինյանի ծննդյան օրն է
- Փետրվարի 15-ը ապրիլյան պատերազմում զոհված Գրիգոր Հարությունյանի ծննդյան օրն էր
- «Պատերազմ ա, վիճակը լավ չի. մամային, պապային չասես, պետք լինի գլուխս էլ կտամ ձեր համար». տանկիստ Նորայր Գասպարյան
- Ապրիլյան պատերազմում հաղթեց, բայց չվերադարձավ հայրենի գյուղ. Սևակը՝ 20 տարեկան
- Հունվարի 29-ին ապրիլյան պատերազմում զոհված տանկիստ Վլադիմիր Ալիխանյանը կդառնար 21 տարեկան
- «Մամ, ես բանակի տղան եմ». այսօր Արմենակ Ուրֆանյանի ծննդյան օրն է
- Ապրիլյան պատերազմում զոհված Գոռ Կիրակոսյանն այսօր կդառնար 21 տարեկան
- Ապրիլյան պատերազմում զոհված ավագ լեյտենանտ Մերուժան Ստեփանյանն այսօր կդառնար 24 տարեկան
- Ապրիլյանում զոհված Ազատ Սիմոնյան. «Երդվում եմ մայրիկ՝ մի օր տուն կգամ»
- Ապրիլյան պատերազմում զոհված Հենրիկ Ղահրամանյանն այսօր կդառնար 20 տարեկան
- Արտիմետում նշել են ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված Արամ Աբրահամյանի ծննդյան օրը
- Արմավիրում բացվել է ապրիլյան պատերազմում զոհված Գոռ Կիրակոսյանի հիշատակին նվիրված խաչքար
- Ռոբերտ Աբաջյանն այսօր կդառնար 20 տարեկան
- Ադամն իր կյանքի տաղանդավոր գծանկարը գծեց մարտի դաշտում՝ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին