Իրանում անցկացվել է ծաղրանկարների «Թրամփիզմ» մրցույթը
Ամբողջ աշխարհից հարյուրավոր ծաղրանկարիչներ մասնակցել են Իրանում կայացած ծաղրանկարների մրցույթին: Թեման եղել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Բի-Բի-Սի-ն գրում է, որ «Թրամփիզմ» (Trumpism) մրցույթում հաղթել է իրանցի նկարիչ Հադի Ասադի աշխատանքը, որտեղ Թրամփը պատկերված է դոլարից պատրաստված հագուստով, գրքերի տրցակով և վառվող մազերով:
Ծաղրանկարներից շատերը նվիրված են Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու Թրամփի սպառնալիքներին: Նկարիչներին նաև անհանգստացրել է ԶԼՄ-ների վրա հարձակումների և կանանց նկատմամբ բռնության խնդիրները:
Ցուցահանդեսում ներկայացված է եղել Իրանից և ևս 74 երկրից 1614 նկարչի աշխատանք: Ցուցահանդեսին մասնակցել են նաև մի քանի նկարիչներ ԱՄՆ-ից և Մեծ Բրիտանիայից:
Ամերիկացի Քլեյթոն Ջոնսը պատկերել է Time ամսագրի երկու երես. մեկում՝ Թրամփն է, մյուսում՝ Ադոլֆ Հիտլերը: Նկարիչն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ և Թրամփը, և Հիտլերը, ամեն մեկն իր ժամանակին ամսագրի կողմից «տարվա մարդ» են անվանվել: Նկարում Թրամփը դիմում է Հիտլերին՝ ասելով. «Մեծ պատիվ է»: Հիտլերը պատասխանում է՝ «Այո»:
«Թրամփիզմ» մրցույթի խորհրդանշանը նման է նացիստական Գերմանիայի խորհրդանիշին, ուղղակի կեռխաչի փոխարեն «T» տառով:
««Թրամփիզմ» բառում «իզմը» հղում է դեպի նացիզմ ու ռասիզմ: Շատերը կարծում են, որ Թրամփի արտահայտությունները շատ նման են Հիտլերի բառերին: Նա վատ է վերաբերում ԶԼՄ-ներին և փախստականներին»,- ասել է մրցույթի կազմակերպիչ և Ծաղրանկարչության իրանական տան տնօրենը:
Միջոցառման կազմակերպիչներն ավելի վաղ անցկացրել էին նմանատիպ մրցույթներ այլ թեմաներով, որոնցից մեկը նվիրված է եղել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը: Անցած տարի Ծաղրանկարի իրանական տունն անցակցրել էր մրցույթ Հոլոքոստի թեմայով, ինչը քննադատության էր արժանացել Իսրայելի կողմից: Կազմակերպիչները պարզաբանել էին, որ նրանց խնդիրը կայանում է նրանում, որպեսզի ուշադրություն հրավիրեն Արևմուտքի երկակի ստանդարտների վրա խոսքի ազատության հարցում, այլ ոչ թե կասկածի տակ դնել Հոլոքոստը: