Հայաստանում անուշադրության է մատնվում կերպարվեստը. Նկարիչների միության նախագահ
«Մինչև տարեվերջ Հայաստանի Նկարիչների միությունում նախատեսված է 20 ցուցադրություն, հիմնականում անհատական: Տարին կամփոփվի միության 85-ամյակին նվիրված ցուցահանդեսով»,- Panorama.am-ին ասաց Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը:
Համեմատելով այսօրվա և խորհրդային շրջանում միության գործունեությունը, նա նշեց. «Տարբերությունը մեծ է: Այսօր, իհարկե, շատ տխուր վիճակ է: Միջոցներ չկան, պատվերներ չկան»:
Միության նախագահը որպես լուծում տեսնում է մշակույթի նախարարության կողմից ավելի հետաքրքրված լինելը, որն առայժմ չի նկատում:
«Թե պատճառներն ինչն են, ես չեմ կարող վերլուծել, բաց փաստը մնում է փաստ, որ որևէ պետական պատվեր չկա: Երևի միջոցներ չունեն, երևի»,- ասաց Կարեն Աղամյանը:
Միության անդամները, նրա խոսքով, նույնպես մտահոգված են, որ պատվերներ չկան:
«Հայաստանում, առհասարակ, անուշադրության է մատնվում կերպարվեստը: Պետք է ավելի ուշադիր լինել դեպի կերպարվեստը: Եթե նայենք բյուջետային ներդրումները մշակութային տարբեր ասպարեզներին, կզարմանաք, որովհետև մեծ գումարներ կտեսնեք ազատ ժամանցի, թատրոնի, երաժշտական՝ երգի, պարի ոլորտներում, բայց զրոյին է մոտենում կերպարվեստի զարգացման հետ կապված ֆինանսները: Սա խոսում է երկրի քաղաքականության մասին, որին ես և մեր միությունը դեմ ենք»,- ասաց Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը:
Հարակից հրապարակումներ`
- «Ոչ մնայուն միջոցառումների վրա հսկայական գումարներ ենք ծախսում, մնայուն քանդակագործության վրա՝ ոչ»
- Նկարիչները հիասթափված են. Կարեն Աղամյան
- Նկարիչների միության նախագահ. Մեծահարուստները չեն հասկանում