Կինոերաժշտությունը լրիվ այլ աշխարհ է. Սերժ Թանկյան
«Երկար տարիներ հաղթահարել եմ կինոֆիլմերի երաժշտությամբ զբաղվելու ցանկությունս: Երկար ժամանակ ինձ հարկավոր եղավ, որպեսզի դառնամ փորձառու այդ գործի համար: Դա լրիվ այլ աշխարհ է»,- Լենտա.ռու կայքին տված հարցազրուցում ասել է աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a Down-ի անդամ Սերժ Թանկյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս որոշեցիք երաժշտություն գրել ֆիլմերի համար:
Նա նշել է, որ վերջին 7-8 տարին ցանկացել է զբաղվել հենց կինոերաժշտությամբ, առաջին փորձը եղել է «1915» ֆիլմը, այնուհետև՝ «Վերջին բնակիչը», «Կոլովրատի մասին լեգենդը»:
«Ես երաժշտություն եմ գրել «Ոչնչացնելու մտադրություն» ֆիլմի համար: Այն Ջո Բերլինգերի՝ շատ ուժեղ վավերագրական ֆիլմն է Հայոց ցեղասխանության մասին: Պրեմիերան կայացել է անցած ապրիլին»,- ասել է Ս. Թանկյանը:
Երգիչը նաև հայտնել է, որ վերջին յոթ ամիսն աշխատում է երկու ֆիլմի վրա, ցանկանում է, որ ավելի շատ լինեն աշխատանքները. «Ես զգում եմ, որ հիմա այն իմ գլխավոր ուղղությունն է որպես արտիստ: Այն ինձ ուսումնասիրության համար նոր տարածք է տալիս, հետազոտելու նոր նյութեր, նոր երաժշտություն»:
Հարցին, թե ի՞նչն է ձեզ համար առավել կարևոր կինոերաժշտությունում, Սերժ Թանկյանն ասել է. «Գլխավորն այն է, թե ինչ է պահանջում ֆիլմը: Այն, ինչ ես եմ ուզում, տվյալ դեպքում կարևոր չէ: Այսինքն կարևոր է, բայց մինչև որոշակի աստիճան. քո յուրօրինակությունն արժեքավոր է այնքանով, որքանով օգտակար է ֆիլմին: Ինձ համար իդեալական է լինել բազմազան: Նույնն է նաև ալբոմների դեպքերում, որոնք ես ձայնագրում եմ: Ըստ էության, ես ուղղակի շարունակում եմ անել այն, ինչ կանեի, ուղղակի այժմ անում եմ ֆիլմերի համար»: