Լևոն Արոնյանը Grand Chess Tour-ում կխաղա Գարրի Կասպարովի հետ
Շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարրի Կասպարովը կվերսկսի կարիերան և կմասնակցի ամերիկյան Սենթ Լուիսում կայանալիք Grand Chess Tour մրցաշարի փուլին:
ՀԱՕԿ լրատվականից տեղեկանում ենք, որ օգոստոսի 2-ից 12-ը Սենթ Լուիսում 10 գրոսմայստերների` Լևոն Արոնյանի (Հայաստան), Հիկարու Նակամուրայի, Ֆաբիանո Կարուանայի (երկուսն էլ` ԱՄՆ), Սերգեյ Կարյակինի, Յան Նեպոմնյաշչիի (երկուսն էլ` ՌԴ), Վիշվանաթան Անանդի (Հնդկաստան), Դավիթ Նավարայի (Չեխիա), Լենյեր Դոմինգեսի (Կուբա), Լե Կուան Լեմի (Վիետնամ) մասնակցությամբ կանցկացվի շախմատի միջազգային մրցաշար:
54-ամյա Կասպարովը կմասնակցի արագ և կայծակնային խաղի մրցաշարին, որոնք կանցկացվեն օգոստոսի 14-ից 19-ը` հիմնական մրցաշարի ավարտից հետո:
Կասպարովը 1985-1993 թվականներին եղել է մոլորակի ուժեղագույն շախմատիստը և 2005 թվականին հայտարարել շախմատային կարիերան ավարտելու մասին: