Օսկարակիր «Հրե անվակառքեր» ֆիլմով կմեկնարկի բրիտանական կինոյի շաբաթը
Հուլիսի 9-ից 16-ը «Ոսկե Ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի շրջանակում Բրիտանական խորհուրդը կներկայացնի Play UK բրիտանական կինոյի շաբաթը:
Այս տարի Բրիտանական խորհրդի համագործակցությունը կինոփառատոնի հետ ընդլայնվում է և այսուհետ լինելու է շարունակական՝ ընդգրկելով համապարփակ և բազմաշերտ ծրագրեր:
Բրիտանական խորհրդից հայտնում են, որ այս տարի Play UK ծրագրի շրջանակում կցուցադրվեն վերջին տարիների բրիտանական փաստագրական ֆիլմերի ընտրանին և օսկարակիր Հյու Հադսոնի երեք ֆիլմ: Ֆիլմերը կցուցադրվեն Մոսկվա կինոթատրոնում, Սիրահարների այգում, Գաֆէսճեան արվեստի կենտրոնում և Ազատության հրապարակում: Փառատոնային յուրաքանչյուր օր կցուցադրվի մեկ ֆիլմ:
Բրիտանական խորհրդի աջակցությամբ Հայաստան է ժամանելու կինոռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ Հյու Հադսոնը, ով նաև կնախագահի «Ոսկե Ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի խաղարկային մրցույթի ժյուրին: Նա կանցկացնի հանդիպում քննարկում:
Շոտլանդական ծագումով անգլիացի կինոռեժիսորը նկարահանել է «Ֆանխիո», «Հրե անվակառքեր», «Գրեյսթոուք. Կապիկների տիրակալի՝ Տարզանի լեգենդը», «Մոլորված հրեշտակներ» և այլ մրցանակակիր ֆիլմեր: «Հրե անվակառքեր» ֆիլմն արժանացել է Օսկարի լավագույն կինոնկար անվանակարգում, իսկ «Մոլորված հրեշտակներ» ֆիլմը ներկայացվել է Կաննի «Ոսկե արմավենու ճյուղին»:
Բրիտանական խորհրդի աջակցությամբ փառատոնի օրերին Հայաստանում է լինելու բեմագրության ոլորտում բազմամյա փորձ ունեցող, խորհրդատու Մերիլին Միլգրոմը: Նա եռօրյա դասընթացներ կվարի հայ պրոֆեսիոնալների համար, որի ընթացքում կներկայացնի ֆիլմ վաճառելու հմտությունները: Դասընթացները կանցկացվեն հուլիսի 12-ից 15-ը:
Մերիլին Միլգրոմը 2012 թվականից աշխատում է Բրիտանական ֆիլմերի ինստիտուտի հիմնադրամում որպես բեմագիր-խորհրդատու: Մերիլին ըներգրավված է եղել Փիթեր Սթրիքլենդի «Բուրգունդի այիդուքսը», Քերոլ Մորլիի «Անկում», Սառա Գեվրոնի «Սուֆրաժիստուհին», Քլիո Բեռնարդի «Մութգետը» (ֆիլմի նկարահանումները մոտենում են ավարտին) և Քլեյր Դենիսի «Բարձրաշխարհիկ կյանք» (ֆիլմը նկարահանման նախնական փուլում է) կինոնկարների բեմագրերի մշակման աշխատանքներում:
Հարակից հրապարակումներ`
- «Ոսկե ծիրան»-ը շատ բարձր որակ ունի. ՀՀ-ում Գերմանիայի դեսպան
- «Կյանք ու կռիվ»-ը ներկայացված է «Ոսկե ծիրան»-ում
- «Ոսկե ծիրան 14»-ը բավականին հարուստ է արտամրցութային ծրագրերով. Ստամբոլցյան
- Փորձում ենք լավագույն ֆիլմերը բերել Հայաստան. «Ոսկե ծիրանի» հիմնադիր տնօրեն
- «Ոսկե ծիրանն» արդեն 14 տարի այցեքարտ է դարձել Հայաստանի համար. Ռալֆ Յիրիկյան