Ադրբեջանն իրականացնում է հեռուն գնացող նոր քաղաքականություն. Կ. Նահապետյան
«Իհարկե, վտանգավոր շրջափուլ է սկսվել և Ադրբեջանն օգտագործում է տարբեր հարթակներ, հնարավորություններ լարելու իրավիճակն արցախա-ադրբեջանական շփման գծում, ինչի վկայությունն են վերջին օրերի գործողությունները»,-Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը:
Նրա խոսքով, տարբեր ժամանակահատվածներում, խոսքը մոտակա ժամանակահատվածի մասին է, Ադրբեջանի կողմից ձեռնարկվել են որոշակի ռազմական գործողություններ տարբեր տրամաչափի զինատեսակների կիրառմամբ, որոնք ցույց են տալիս, որ Ադրբեջանը պատրաստ չէ որևէ կերպ խաղաղ ճանապարհով կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը:
Նա նշեց, որ երկու օր առաջ Կիևում ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի սեմինարին ադրբեջանական պատվիրակը փորձեց խեղաթյուրել փաստերը՝ ներկայացնելով, որ հայկական զինված ուժերն են ռազմական գործողություններ սկսել:
«Իհարկե, տրվեց համարժեք պատասխան, բայց սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Ադրբեջանն իրականացնում է հեռուն գնացող նոր քաղաքականություն, որի հիմնական նպատակն է սկսել լայնամասշտաբ ռազմական գործողությունները»,- ասաց Կ. Նահապետյանը:
Նահապետյանի խոսքով, նման պայմաններում պետք է շատ զգոն լինել, պատրաստ, թե ռազմական, թե քաղաքական, թե դիվանագիտական բոլոր կարողությունները համախմբած օգտագործելուն, գործողությունները պետք է լինեն շատ հստակ, համարժեք:
«Դուք հետևելով վերջին օրերի իրադարձություններին՝ նույնպես կարող եք համոզված լինել, որ Արցախի պաշտպանական բանակի ռազմական գործողությունները համապատասխանել են իրավիճակին: Առաջին անգամ չէ, որ մենք փաստում ենք՝ Ադրբեջանի զինված ուժերը թաքնվում են խաղաղ, քաղաքացիական բնակչության թիկունքում՝ դրանով ցույց տալով, որ որևէ կերպ իրենց չի մտահոգում իրենց բնակչության անվտանգությունը»,- նշեց պատգամավորը:
Կ. Նահապետյանի կարծիքով, միջազգային տարբեր հարթակներում հայկական կողմն առավել համակարգված պետք է շարունակի գործել՝ ներկայացնելով այս գործողությունները:
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը նշեց, որ յուրաքանչյուր կոնկրետ դեպք փաստագրվում է, հավաքվում են բավարար ծավալի ապացույցներ, տեղեկատվություն, վերլուծության արդյունքներն էլ օգտագործում են ներքին շրջանակներում, ներկայացվում են միջազգային կազմակերպություններին:
«Այստեղ, իհարկե, որոշակի խնդիրներ ես տեսնում եմ: Այնպես չէ, որ ամբողջապես ինձ բավարարում է: Մենք առավել հետևողական պետք է լինենք Ադրբեջանի զինված ուժերի կողմից ձեռնարկված յուրաքանչյուր փաստի կապակցությամբ ուսումնասիրություն, վերլուծություն կատարելու հարցում, ավելի պատշաճ ներկայացնելու միջազգային հանրությանը»,- նշեց նա:
Կ. Նահապետյանի խոսքով, հայկական կողմը լարում հրահելու խնդիր չպետք է դնի օրակարգում:
«Բնական է, մեր քաղաքական օրակարգը մնում է անփոփոխ՝ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Զախարովա. Մոսկվան կոչ է անում կողմերին իրավիճակի կայունացման համար անհրաժեշտ քայլեր ձեռնարկել
- Իսկանդարյան. Բաքվի գործողությունները պայմանավորված են սպասվող «Մեծ Քսանյակի» գագաթաժողովով
- Լևոն Մնացականյան. Արցախի պաշտպանության բանակը երբևէ չի թիրախավորել խաղաղ բնակավայրերը
- Նալբանդյանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին է ներկայացրել Ադրբեջանի սադրանքի հետևանքները
- Արցախի ՊՆ. Զինծառայողների վիրավորվելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը
- Բաքուն պետք է կատարի Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները. Տ. Բալայան
- Հայկական կողմը կրակ է բացել հակառակորդի կողմից մի քանի անգամ ձեռնարկված հարձակումից հետո. ԼՂՀ ՊԲ
- Արցախի ՊԲ-ն վնաս է հասցրել Ադրբեջանի Ալխանլու գյուղում տեղակայված կրակակետին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան