ԱԳ նախարարը ԵՄ հատուկ ներկայացուցչին ներկայացրել է Բաքվի կողմից զինադադարի կոպտագույն խախտումների հետևանքով ստեղծված իրավիճակը
Հուլիսի 6-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբադյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից:
Հայաստանի արտգործնախարարը ԵՄ հատուկ ներկայացուցչին մանրամասն ներկայացրել է հուլիսի 4-ին Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծում Բաքվի կողմից զինադադարի կոպտագույն խախտումների հետևանքով ստեղծված իրավիճակը։
Արտգործնախարարը ևս մեկ անգամ կարևորել է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված համաձայնությունների անվերապահ իրականացումը, որոնք ուղղված էին 2016թ. ապրիլին՝ միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումներով ու քաղաքացիական բնակչության թիրախավորմամբ ուղեկցված ադրբեջանական ագրեսիայի հետևանքների հաղթահարմանը և բանակցային գործընթացի առաջ մղման համար համապատասխան պայմանների ստեղծմանը։
Էդվարդ Նալբանդյանի խոսքով՝ Բաքուն, խոչընդոտելով բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը և հակառակ համանախագահ երկրների և միջազգային հանրության հորդորների և կոչերի, շարունակում է խորացնել թշնամական և այլատյացության քարոզչությունը, միտումնավոր սադրանքներ կազմակերպել, ինչի հետևանքով միայն անցյալ ամսվա ընթացքում Արցախի բանակի չորս զինծառայողներ զոհվեցին։
ԵՄ հատուկ ներկայացուցիչը, խորը մտահոգություն հայտնելով իրավիճակի սրման կապակցությամբ, ընդգծել է, որ ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորումը Եվրոպական միության սկզբունքային դիրքոշումն է և ԵՄ-ն անվերապահորեն սատարում է այս նպատակով եռանագահ երկրների կողմից գործադրվող ջանքերը։ Դեսպան Զալբերը կարևորել է Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովների պայմանավորվածությունների կատարումը։
Հերբերտ Զալբերը տեղեկացրել է, որ ավարտվում է ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում իր առաքելությունը՝ ընդգծելով, որ շարունակելու է ուշադրությամբ հետևել Հարավային Կովկասում զարգացումներին։ Նախարար Նալբանդյանը բարձր է գնահատել ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում դեսպան Զալբերի գործունեությունը և հաջողություն մաղթեց նրան իր հատագա աշխատանքում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան