Մահացել է ժողովրդական նկարիչ, քանդակագործ Արտաշես Հովսեփյանը
Այսօր 86 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Արտաշես Հովսեփյանը:
ՀՀ մշակույթի նախարարությունը տեղեկացնում է, որ Արտաշես Հովսեփյանի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով:
Ծնվել է ՀՀ Սյունիքի մարզի Սառնակունք գյուղում: Եղել է գեղանկարիչ Զաքար Խաչատրյանի եղբայրը: Ավարտել է Սիսիանի շրջկենտրոնի միջնակարգ դպրոցը, աշխատել բանվոր: 1954թ. ընդունվել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան, սակայն 2-րդ կուրսից նրան գործուղել են Սանկտ Պետերբուրգի Ի.Ն.Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ, որն ավարտել է 1961թ.:
Նույն տարում մասնակցել է Ալեքսանդր Թամանյանի հուշակոթողի համար հայտարարված մրցանակաբաշխությանը և շահել 1-ին և 2-րդ մրցանակները:
Հուշարձանը բացվել է 1974թ.: Հեղինակ է 50-ից ավելի բոլորաքանդակների, հարթաքանդակների և բարձրաքանդակների, որոնցից են` Կարլ Մարքսի կիսանդրին (1962թ.), Սիսիան քաղաքի մուտքի արծիվը (1969թ.), Հայրենական պատերազմում զոհված կուրթանցիների հուշարձանը (1971թ.), Ալեքսանդր Թամանյանի արձանը (1974թ.), Երևանի Սբ. Սարգիս եկեղեցու հարթաքանդակները (1975թ.), Խաչքար Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Վեհարանի բակում (1975թ.), Երևանի կոնյակի գործարանի հարթաքանդակները (1975-93թթ), Երևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանի հարթաքանդակները (1981թ.), Արմեն Տիգրանյանի կոթողը Երևանի Օղակաձև զբոսայգում (1985թ.), Օրբելի եղբայրների հուշահամալիրը Ծաղկաձորում (1988թ.), Նիկողայոս Ադոնցի հուշարձանը Սիսիանում (1993թ.), Քաշաթաղի եկեղեցու բարձրաքանդակները (2003թ.), Ջիվանու հուշակոթողը Ջավախքում (2005թ.) և այլն:
Ստեղծել է նաև մի քանի հարյուր գրաֆիկական աշխատանքներ: Արժանացել է ԽՍՀՄ կառավարության ճարտարապետության գծով առաջին մրցանակի, 1989թ.` Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 2007թ.՝ ժողովրդական նկարչի կոչման: