Արցախը մի երկիր է, որտեղ զբոսաշրջիկները կարող են ապահով ու անվտանգ զգալ. Հնդիկ քանդակագործ
Արցախի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության և «Ապագա սերունդների հիմնադրամ»-ի համատեղ նախաձեռնությամբ հուլիսի 1-ից Շուշիում մեկնարկել է «Հակոբ Գյուրջյան» քանդակագործության 5-րդ միջազգային սիմպոզիումը:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Շուշիի կերպարվեստի պետական թանգարանի տնօրեն Լուսինե Գասպարյանն ասել է, որ «Հակոբ Գյուրջյան» քանդակագործության 5-րդ միջազգային սիմպոզիումին Հնդկաստանից, Եգիպտոսից, Սերբիայից, Հայաստանից և Արցախից մասնակցում է 10 քանդակագործ:
«Մասնակիցներն Ասկերանի շրջանի Սզնեք գյուղից բերված մարմարացված կրաքարերի վրա տարբեր քանդակներ են կերտում. ավարտելուց հետո դրանք տեղադրվելու են Շուշիի կերպարվեստի պետական թանգարանին կից «Քանդակների պուրակ»-ում»,-նշել է Լ.Գասպարյանը:
Կան մասնակիցներ, ովքեր երկրորդ անգամ են մասնակցում սիմպոզիումին:
«Այս սիմպոզիումի առանձնահատկությունն այն է որ, մեկ անգամ այցելելով Արցախ և մասնակցելով միջոցառմանը, հաջորդ տարիներին իրենք, անպայման, մասնակցության հայտեր են ներկայացնում. դա միանշանակ, շատ կարևոր է: Անցկացված 4 սիմպոզիումների ժամանակ քանդակագործներ ենք ունեցել Բելգիայից, Բելառուսիայից, Խորվաթիայից, Շվեյցարիայից, ԱՄՆ-ից, Ճապոնիայից, Չինաստանից, Լեհաստանից և շատ այլ երկրներից: Միայն Իտալիայից մասնակցել է 19 աշխարհահռչակ պրոֆեսոր քանդակագործ»,-հավելել է Գասպարյանը:
Սերբիացի քանդակագործը «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է, որ ինքն առաջին անգամ է Արցախում. «Շատ գեղեցիկ երկիր է Արցախը, այստեղի մարդիկ շատ բարի են, հյուրասեր: Ես զարմացած եմ, որ այսպիսի փոքր քաղաքը, ինչպիսին Շուշին է, ունի այսպիսի մշակութային կենտրոններ. դրանք բավականին լավ հարթակ են՝ աշխարհի տարբեր երկրների մշակութային գործիչներին համախմբելու և միավորելու համար: Պատմության գիրք եմ քանդակում, այն կներկայացնի գիտության և մշակույթի շերտերը, ասեմ որ ստեղծագործելիս ներշնչանք եմ ստացել հայկական մշակույթից»:
Եգիպտացի քանդակագործն էլ, խոսելով իր տպավորությունների մասին, նշել է, որ ինքը շատ ուրախ է նման գեղեցիկ միջոցառմանը մասնակցելու համար և բավականին տպավորված է Արցախով և արցախցիներով:
«Դուք հպարտ պիտի լինեք, որ ունեք այսպիսի հիանալի երկիր: Ես որոշելու եմ պատրաստել յուրահատուկ մի քանդակ-ճեպանկար և այն սիրով նվիրելու եմ ձեզ՝ ձեր հրաշք երկրին: Ես եղել եմ նաև Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում: Այստեղ մարդիկ խաղաղ են, ուրախ: Ես ինձ այստեղ անվտանգ եմ զգում»,-անկեղծացել է եգիպտացի քանդակագործը:
Հնդիկ քանդակագործն ասել է, որ ինքն առաջին անգամ Արցախ է եկել 2014 թվականին.«Այստեղ բարի և կամեցող մարդիկ են ապրում. Արցախում ոգի կա: Ես Արցախում արդեն ձեռք եմ բերել ընկերներ: Զարմանալին այն է, որ ես արցախցիների և հնդիկների միջև նմանություններ եմ նկատում, նույնիսկ բառեր կան, որոնք իրար շատ նման են: Ես շատ եմ հավանել ձեր ճաշատեսակները. բազմազան են ու համեղ»:
Հնդիկ մեկ այլ քանդակագործ, ով առաջին անգամ է Արցախում, իր տպավորությունների մասին այսպես է ասել. «Հիասքանչ բնություն ունեք: Ես զբոսնել եմ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում. տպավորությունս այնպիսին է, թե ես Եվրոպայում եմ: Արցախի մասին լսածս տեսածիս հետ չի համապատասխանում: Իրականում այստեղ մարդիկ ապրում են, ստեղծագործում, արարում, ամենուր կյանքը հորդում է: Սա մի երկիր է, որտեղ զբոսաշրջիկները կարող են ապահով ու անվտանգ զգալ և լիարժեք հանգստանալ»:
Սիմպոզիումի մասնակիցներին չի հետաքրքրում, որ իրենք կարող են հայտնվել Ադրբեջանի «սև ցուցակում»: Նրանք այն կարծիքին են, որ մշակույթը կարող է օգնել տարբեր ազգերի մերձեցմանը:
Հուլիսի 20-ին տեղի է ունենալու «Հակոբ Գյուրջյան» քանդակագործության 5-րդ միջազգային սիմպոզիումի փակման արարողությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան