Կայացավ «Ապրիլյան երկրորդ օրը» ֆիլմի շնորհանդեսը
«Դպրոցի ճանապարհին էինք, պայթյուն եղավ, մենք ընկանք…»: «Դպրոց հասնելու ճանապարհին պայթեց…»: «Եթե 3-4 մետր դեպի ճանապարհն ընկներ արկը, 30-ից ավելի երեխա էին այդ ճանապարհով գնում դպրոց, …»:
«Ապրիլյան երկրորդ օրը» ֆիլմում հիշում են 2016 թ. ապրիլի 2-ին թշնամու կողմից Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Ներքի Ճարտար բնակավայրի հրթիռահրետակոծության հետևանքով վիրավորված դպրոցահասակ երեխաներն ու նրանց ծնողները, ուսուցիչները:
Դպրոցականները հիշում են այդ օրը տեղի ունեցած ամեն ինչ՝ մանրամասն: Հիշում են իրենց ընկեր 12-ամյա Վաղարշակին, ով այսօր իրենց հետ չէ, իրենց հետ չի կարողանում խաղալ ու հաճախել դպրոց. չհայտարարված ապրիլյան պատերազմի մի քանի րոպեն խլեց 12-ամյա երեխայի կյանքը:
Այսօր կայացավ «Սովորական ցեղասպանություն» շարքի «Ապրիլյան երկրորդ օրը» ֆիլմի շնորհանդեսը: Ֆիլմը պատրաստվել է ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից: Ֆիլմի հեղինակներն են Մարինա Գրիգորյանը և Լարիսա Ալավերդյանը:
Ֆիլմը պատմում է 2016 թվականի ապրիլյան պատերազմի առաջին օրերին Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի իրականացրած դավադիր դիվերսիոն գործողությունների մասին: Ֆիլմը հետաքննություն է, որտեղ համոզիչ կերպով ապացուցվում է, որ Ադրբեջանի զինված ուժերի իրականացրած գործողությունները մանրամասն ծրագրված և նախապատրաստված են եղել:
Ֆիլմը նվիրվում է Արցախի ազգային-ազատագրական պայքարում զոհված բոլոր երեխաներին:
«Ադրբեջանի կողմից ապրիլի 2-ի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ չհայտարարված պատերազմը հանգեցրել է մեկ երեխայի մահվան, երեխաներից մի քանիսն էլ վիրավորվել են: Ճիշտ այնպես, ինչպես Արցախի ժողովրդի դեմ իրականացված ռազմական-ահաբեկչական «Օղակ» գործողությունը, որը հանգեցրել էր 1991 թվականի ապրիլի 12-ին Գետաշենում 12-ամյա Արամայիս Սահակյանի սպանությանը: Ադրբեջանի հանցագործ քաղաքականությունը չի փոխվում: Բաքուն մարտեր է մղում, այդ թվում երեխաների և ծերերի դեմ՝ նպատակ հետապնդելով հայերին վտարել իրենց հայրենի հողից՝ ահաբեկչության և ցեղասպանության ստուգված մեթոդներով»,- ասված է ֆիլմում:
«Այս ֆիլմը վաղուց էր պատրաստ, մոտ օրերս էինք պատրաստվում այն ներկայացնել հանրությանը, սակայն հուլիսի 4-ին Ադրբեջանի գյուղերից մեկում տեղի ունեցած ողբերգությունը մեզ ստիպեց արագացնել ֆիլմի ցուցադրությունը: Համոզված ենք, որ այս երկու երեխաների մահը, ողբերգությունները, Ադրբեջանի, անձամբ Ալիևի, Փաշաևների ընտանիքի հանցագործ քաղաքական դրսևորումներն են: Ոչ մի տարբերություն չկա»,- ֆիլմի շնորհանդեսից հետո կայացած ճեպազրույցում ասաց Մարինա Գրիգորյանը:
Նրա խոսքով, այդ ռեժիմի համար քաղաքական, անձնական շահերը շատ ավելի վեր են խաղաղ բնակչության, նույնիսկ փոքրիկ երեխաների կյանքից:
«Այս 30 տարվա ընթացքում իրենց ձեռագիրը, քաղաքականությունը չի փոխվում, այդ թվում նաև այն առումով, որ վտանգի է ենթարկվում խաղաղ բնակչությունը, երեխաները»,- նշեց ֆիլմի հեղինակը:
Ֆիլմում երեխաները, նրանց ծնողները պատմում են, որ նախքան ապրիլյան դեպքերը, հաճախ են նկատել, որ իրենց բնակավայրի, հիմնականում դպրոցի շրջակայքում հակառակորդի անօդաչու հետախուզական սարքեր են պտտվում:
«Թալիշի, Մարտակերտի, Մատաղիսի ուղղությամբ հակառակորդը ռազմական գործողությունները սկսել էր ապրիլի 2-ի գիշերը, իսկ Ներքին Ճարտարի ուղղությամբ հարվածները սկսել էին առավոտյան 08:20-08:30-ի սահմաններում: Ինչպես ֆիլմում պատմեցին երեխաները, 08:40-ին դպրոցում սկսում են իրենց ֆիզիկական վարժությունները: Այսինքն թշնամին անօդաչուի միջոցով արդեն իմացել էր դպրոցի օրակարգը, իմացել էր, թե որ ժամին են երեխաները հավաքվում դպրոցի բակում: Միտումնավոր հարված է եղել: 4 արկ են բաց թողել դեպի դպրոց՝ հետապնդելով մեկ նպատակ՝ հնարավորինս շատ երեխա սպանել, որպեսզի խուճապ առաջանա Արցախում, ստիպեն մարդկանց խուճապահար հեռանան իրենց բնակավայրերից»,- ասաց Մ. Գրիգորյանը:
Ֆիլմը կառուցված է երեխաների, նրանց ծնողների վկայությունների փաստերի վրա: Ֆիլմի հեղինակն ասաց, որ դա իրենց սկզբունքն է, «Սովորական ցեղասպանություն» շարքի բոլոր ֆիլմերը փաստերի վրա են հիմնված:
«Այս ֆիլմը մեկ անգամ ևս վկայում է այն մասին, որ Ադրբեջանի ձեռագիրը, քաղաքականությունը, մեթոդները, չեն փոխվում»,- ընդգծեց Մ. Գրիգորյանը:
Ֆիլմը թարգմանված է ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, թուրքերեն:
Լարիսա Ալավերդյանն ասաց, որ Ադրբեջանի կողմից նախորդ տարվա ապրիլի 2-ին սկսված և մինչ օրս շարունակվող այս նոր լայնածավալ հարձակումների մասին, երբեմն լռում են, երբեմն՝ դիմում զազրելի երևույթների, պետք է արդյունավետ միջոցներով հասցվի համապատասխան ատյաններին:
«Ադրբեջանական հանցագործ կլանի համար տարբերություն չկա, թե որ մի ազգությամբ երեխան կամ խաղաղ բնակիչը կզոհվի: Այս առումով շարունակվող այս ցեղասպանությունը զսպելը մեր պարտականությունն է»,- նշեց նա՝ հավելելով, որ գրեթե 100 տարի շարունակվող ցեղասպանական այս գործողությունները, կարծես թե, արդեն դարձել են սովորական միջազգային հանրության համար:
Նա ընդգծեց, որ Ադրբեջանի համար սովորական դարձած ցեղասպանական քաղաքականությունն չի կարող դադարեցվել ուղղակի հորդորներով, հավասարակշռված հայտարարություններով:
«Ալիևյան ամբողջ կլանի հռետորությունն անգամ կասկածի տեղ չի թողնում, որ հայերի հանդեպ Ադրբեջանի կողմից որդեգրված ցեղասպանական քաղաքականությունն իրականացվել և իրականացվում է հետևողական, պլանավորված, երբևէ կարծես թե միտում չունեն հրաժարվելու իր էությամբ մարդատյանց, միայն ձևով հայատյաց քաղաքականությունից»,- ասաց Լ. Ալավերդյանը:
Ֆիլմի շնորհանդեսին ներկա ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արման Սաղաթելյանն ասաց, որ այս ֆիլմը Ադրբեջանի կողմից իրականացված հանցագործությունների ևս մեկ փաստթուղթ է. «Ավաղ, այդ փաստաթղթերի քանակը միայն շատանում է ու դեռ չի քչանում, ստիպված ենք անընդհատ շարունակել արձանագրել և փաստաթղթավորել այն բոլոր հանցագործությունները, որոնք տեղի են ունեցել վերջին երկուսուկես տասնամյակում»:
Նրա խոսքով, դիվանագիտական խողովակներով, համացանցի միջոցով այս ֆիլմը հասանելի կլինի միջազգային հանրությանը, ցանկալի կլիներ, որ հասնելի լիներ Ադրբեջանի հանրությանը:
«Ավաղ, պետք է արձանագրենք, որ Ադրբեջանի դեպքում մենք գործ ունենք ամբողջությամբ տոտալիտար, փակ տեղեկատվական համակարգի հետ, որպեսզի հանրությունն այլընտրանք չունենա, սնվի Ադրբեջանի հիստերիայի նյութերով, որոնք պատրաստված են ցինզիմով, կեղծ են»,- նշեց Արման Սաղաթելյանը:
Հարակից հրապարակումներ`
- Հրետակոծությունից վիրավորված 11-ամյա Գևորգ Գրիգորյանը հենակների օգնությամբ քայլել է
- Հրթիռակոծության հետևանքով վիրավորված երեխաների վիճակը կայուն ծանր է
- Հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 12-ամյա Վ.Գրիգորյանը. ԼՂՀ ՊՆ
- ՊՆ խոսնակ. Հակառակորդը երկու ելք ունի
- ԼՂՀ ՊԲ-ն խոցել է հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական մեկ ուղղաթիռ
- Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկարությամբ տեղի են ունենում թեժ բախումներ. ԼՂՀ ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան