Արչի Գալենց. Հայաստանում մշակութային կյանքը հարուստ է
Նկարիչ, «Գալենց» մշակութային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Արչի Գալենցը նշել է, որ Հայաստանում մշակութային կյանքը հարուստ է կարևոր և նշանակալի իրադարձություններով: Նա ապրում և ստեղծագործում է Բեռլինում, Մոսկվայում, Երևանում։
Այսօր ժամանակակից արվեստի թանգարանում կբացվի նրա՝ «Ժամանակացույց. Խուսափելով աղետից» խորագիրը կրող անհատական ցուցահանդեսը, որը կտևի մինչև հուլիսի 16-ը։
«Նախագիծը՝ ցուցադրություն-ինստալյացիա է, ներկայացված իր զարգացման ընթացքի մեջ։
Կցուցադրվի իմ ստեղծագործության վերջին 13 տարիների արդյունքը, ինչպես նաև նոր աշխատանքներ՝ օբյեկտներ-«դրոշներ», որոնք ստեղծված են հատուկ այս ցուցահանդեսի համար՝ կոչ անելով Հայաստանի և սփյուռքի ստեղծագործող հանրությանը միավորվելու անկախ ասոցիացիայի ներքո, որը հնարավորություն կտա հայկական արվեստի միասնական հարթակ ունենալ»,-Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ հանդիպմանն ասել է նկարիչը:
Սփյուռքի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, ողջունելով հայազգի արվեստագետին՝ նախարարը կարևորել է հայ մշակույթի պահպանմանն ու տարածմանն ուղղված նրա ազգասիրական գործունեությունը համայնքում և Հայրենիքում:
Մասնավորապես անդրադառնալով հայտնի արվեստագետի վերջին ցուցահանդեսներին, որոնք յուրօրինակ հարթակ են հայ արվեստագետներին Եվրոպայում ճանաչելի դարձնելու համար: