Իրանի կրթության ոլորտի ներկայացուցիչները ԵՊՀ-ի հետ համագործակցելու պատրաստակամություն են հայտնել
Այսօր ԵՊՀ-ում էին հյուրընկալվել Իրանի Իսլամական Հանրապետության գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարարության, ինչպես նաև մի շարք բուհերի ներկայացուցիչներ: Ինչպես տեղեկացնում են ԵՊՀ-ից, իրանական պատվիրակության կազմում էին Իրանի գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների փոխնախարար Հոսեյն Սալաո Ամոլին, Ուրմիայի համալսարանի ռեկտոր, դոկտոր Ռահիմ Հոբբենալիսը, Թեհրանի պետական համալսարանի պրոֆեսոր, դեղագործ Գ. Սադեղի Հաշջին և ուրիշներ:
Իրանական պատվիրակությանն ընդունել է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: Հանդիպմանը ներկա էին նաև ԵՊՀ պրոռեկտորներ Ալեքսանդր Գրիգորյանը, Գեղամ Գևորգյանը, Ռուբեն Մարկոսյանը, Միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը, ԵՊՀ գիտական քարտուղար Մենուա Սողոմոնյանը, Ֆարմացիայի ինստիտուտի տնօրեն Աշոտ Սաղյանը, Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոնի տնօրեն Սամվել Շուքուրյանը, Արևելագիտության ֆակուլտետի դեկան Գուրգեն Մելիքյանը և Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը:
ԵՊՀ ռեկտորը նշել է, որ ուրախ է հերթական անգամ Մայր բուհում հյուրընկալելու բարեկամ երկրից Հայաստան ժամանած հյուրերի: Ա.Սիմոնյանը համառոտ ներկայացրել է ԵՊՀ կառուցվածքը, գիտահետազոտական կենտրոնների գործունեությունը և այլն. «Մայր բուհի հիմնական նպատակներից մեկը գիտության և կրթության սերտ փոխկապակցվածության ապահովումն է: Այդ ամենին նպաստում է նաև մեր ակտիվ համագործակցությունը միջազգային բուհերի հետ: Լուրջ համագործակցություններ ունենք նաև իրանական որոշ համալսարանների հետ, բայց պետք է նշեմ, որ դա բավարար չեմ համարում»:
Ռեկտորը հույս է հայտնել, որ այսպիսի հանդիպումների շրջանակում իրանական բուհերի հետ իրականացվող ծրագրերը նոր թափ կստանան և արդյունավետորեն կնպաստեն երկու երկրների կրթական հաստատությունների համագործակցության ամրապնդմանը:
Պետք է նշել, որ ԵՊՀ-ում վերջին 15 տարիների ընթացքում տարբեր մասնագիտությունների գծով սովորել է ավելի քան 800 իրանցի ուսանող, իսկ ինչ վերաբերում է գիտական ուսումնասիրություններին, ապա իրանցի սովորողների շուրջ 18%-ը պաշտպանել է ատենախոսություն: Սովորողների մեծ մասը մասնագիտանում է մաթեմատիկայի, իրանագիտության, կենսաբանության և տնտեսագիտության ոլորտներում:
Իրանի գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների փոխնախարար Հոսեյն Սալաո Ամոլին կարևորել է երկու պետությունների միջև առկա հարաբերությունների զարգացումը. «Հայաստանը յուրահատուկ երկիր է: Մեր բարեկամական կապերը ցույց են տալիս, թե որքան կարևոր է տարբեր ոլորտներում, մասնավորապես կրթության և գիտության ոլորտում Հայաստանի և Իրանի միջև համագործակցությունը: Եվ առաջընթաց արձանագրելու համար հարկավոր է ավելի ուժեղացնել այդ կապերը»:
Իրանի կրթության ոլորտի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել Մայր բուհի հետ համագործակցելու նաև ցանցային կրթության որակը բարձրացնելու ուղղությամբ:
Քննարկվել են իրանցի ուսանողների ուսուցման կազմակերպման այնպիսի մի մոդել, որի շրջանակում մեկ կամ երկու կիսամյակ սովորողներն իրենց ուսումնառությունը կշարունակեն Իրանի գործընկեր համալսարաններում: Այսպիսի մեխանիզմը համահունչ է ուսանողների շարժունության արդի չափանիշներին և ավելի դյուրին կդարձնի դիպլոմների ճանաչման գործընթացը:
Բացի այդ, քննարկվել են գիտական հետազոտությունների բնագավառում համագործակցության հեռանկարները, շեշտադրվել է ֆարմացիայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ասպարեզում առկա ներուժը:
Հանդիպումից հետո հյուրերը ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանի գլխավորությամբ շրջայց են կատարել ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում: Իրանագիտության ամբիոնի աշխատակիցների հետ քննարկվել են նաև կրթությանը վերաբերող որոշ հարցեր, ինչպես նաև համագործակցության հնարավոր եզրերը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները