Առողջապահական կարևոր ցուցանիշներով Ֆրանսիան, շահավետ առաջարկներ կարող է անել ՀՀ-ին
«Ֆրանսիան եղել և մնում է հայ ժողովրդի անկեղծ բարեկամը։ Մեր երկու ժողովրդի երկարամյա բարեկամությունն և միջպետական ամուր կապերի վրա խարսխված համագործակցությունն իր արտահայտությունն է գտել նաև առողջապահության ոլորտում։ Ես հպարտությամբ ուզում եմ փաստել, որ երեկվա մեր շատ բարերարների հետ այսօր մենք գործընկերային հարաբերություններ ենք կառուցում»,-ողջունելով «Առողջապահության ֆրանսիական օրեր Հայաստանում» խորագրով համաժողովի մասնակիցներին` ասել է ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը։
Նա հույս է հայտնել, որ համատեղ կազմակերպված միջոցառումը մասնակից ֆրանսիական և հայկական կազմակերպությունների համար փոխշահավետ համագործակցության եզրեր գտնելու առիթ կհանդիսանա։
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն համոզմունք է հայտնել, որ, թեև ֆրանսիացի գործարարներից ոմանք առաջին անգամն են լինում Հայաստանում, սակայն համագործակցության հնարավորությունները շատ են։
Առողջապահական կարևոր ցուցանիշներով, ինչպես նաև բժշկական տեխնիկայի և պարագաների, դեղերի արտադրության ոլորտում աշխարհում առաջատար Ֆրանսիան, անշուշտ, համագործակցության շահավետ առաջարկներ կարող է անել Հայաստանին։
«Միաժամանակ, Հայաստանը հնարավորություն կստեղծի Եվրասիական ընդհանուր շուկա մտնելու համար»,- նշել է դեսպանը։
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը ներկայացրել է Հայաստանի առողջապահական համակարգի զարգացման հիմնական ուղղությունները և ներդրումային հնարավորությունները։
Ֆրանսիայի հիվանդանոցային համակարգը ներկայացրել է Ռուսաստանի Դաշնությունում Ֆրանսիայի դեսպանության սոցիալական հարցերով խորհրդական, Ֆրանսիայի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Դանիել Մաթիոն։
Այնուհետև Հայ-ֆրանսիական համագործակցության համաժողովին մասնակցող GERFLOR (բուժհաստատությունների հատակի երեսպատում), RUMEX MEDICAL (GERMITEC-Antigermix ուլտրաձայնային գոտիների մանրէազերծում), QUANTEL-MEDICAL՝ վիրահատական լազերների և ուլտրաձայնային սարքավորումների ողջ տեսականի, դեղագործական լաբորատորիաներ Սանոֆի (SANՕFI) և Սերվիյե (SERVIER), կազմակերպությունների ներկայացուցիչները ծանոթացրել են վերջին նորարարություններին և իրենց լաբորատորիաների հետազոտական արդյունքներին:
Նշենք, որ Ռուսաստանի «Բիզնես Ֆրանս» գործակալության տնօրեն Պատրիկ Բոնարի գլխավորած փորձագետների, դեղագործական և բուժտեխնիկա արտադրող ֆրանսիական ձեռնարկությունների պատվիրակության ներկայացուցիչները երեկ հանդիպումներ և քննարկումներ են ունեցել Հայաստանի մի շարք բժշկական և դեղագործական կազմակերպությունների ղեկավարների հետ։