ԱՄՆ-ում պահանջում են դադարեցնել Թուրքիային F-35 ինքնաթիռների վաճառքը
Ամերիկացի մի շարք գործիչներ պահանջել են դադարեցնել Թուրքիային ռազմական ինքնաթիռների և զինամթերքի վաճառքը:
«Էրմենիհաբեր»-ը գրում է, որ թուրքական «Sözcü» թերթի կայքի համաձայն՝ այդ պահանջը պայմանավորված է մասնավորապես վաշինգտոնյան այցի ընթացքում Էրդողանի թիկնապահների կողմից խաղաղ ցուցարարների դեմ կիրառված բռնությամբ:
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի անդամ Դեյվիդ Չիչիլինը հայտարարել է, որ անհրաժեշտ է դադարեցնել Թուրքային F-35 ռազմական ինքնաթիռներ վաճառքը: Նմանատիպ պահանջով է հանդես եկել նաև հանրապետական պատգամավոր Դեյվ Թրոթը:
Իսկ Ներկայացուցիչների պալատի անդամ Դոն Բայերը պահանջել է չեղարկել Թուրքիային 1.2 մլն դոլար արժողությամբ կիսաավտոմատ ատրճանակների վաճառքի նախագիծը: Ավելի վաղ Բայերը պետդեպարտամենտին առաջարկել էր հետաքննություն սկսել Էրդողանի թիկնապահների մասնակցությամբ միջադեպի առթիվ և խստացնել անվտանգության միջոցառումները: Նա նաև կարծիք էր հայտնել, որ անհրաժեշտ է միջադեպի մասնակիցների համար ԱՄՆ վիզայի արգելք սահմանել:
Հայտնի է, որ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն F-35 ռազմական ինքնաթիռների առաջին խմբաքանակը Թուրքիային պետք է հանձնվեր արդեն 2018թ.: Ընդհանուր առմամբ թուրքական կողմը ծրագրում էր ավելի քան 100 F-35 ինքնաթիռ գնել ԱՄՆ-ից: