«Մշակույթով ապրողը»՝ ՆԱՄ-ում
«Նարեկացի» արվեստի միությունում շարունակվում է օրեր առաջ բացված ՆԱՄ-ի լուսանկարիչ Գարեգին Աղաբեկյանի՝ «Մշակույթով ապրողը» խորագիրը կրող ցուցահանդեսը: ՆԱՄ-ի հաղորդմամբ, այս ցուցահանդեսի միջոցով հեղինակը ներկայացրել էր միության ամենահավատարիմ հանդիսատեսի՝ Մաշայի դիմանկարներն ու միօրինակ օրերի ֆոնին նրա հետաքրքրությունը մշակութային կյանքի և անցուդարձի հանդեպ:
«Հաճելի և հետաքրքիր է, երբ մեր օրերում կարողանում ես հանդիպել այնպիսի մեկին, ով փորձում է ամեն կերպ տեղեկացված լինել մեր քաղաքում տեղի ունեցող բոլոր մշակութային իրադարձություններին: Սա ավելի շատ նվեր է Մաշային, այլ ոչ թե իմ վարպետության ցուցադրությունը»,- ասել է Գարեգին Աղաբեկյանը:
«Չենք կարող բառերով ներկայացնել այն զարմանքն ու հիացմունքը, որ ապրեց Մաշան...
Գալով հերթական ցուցահանդեսին՝ նա հասկացել է, որ օրվա հերոսն է: Սկզբում չէր ուզում իրականությանը հավատալ. շրջեց ցուցասրահով, հավատաց տեսածին, իսկ հետո ցուցադրված նկարներից ընտրեց իր սիրելի նկարը, որտեղ ինքն ազատ թևածում էր...
Ազատություն. այն իր սիրելի զգացողությունն է...»,- նշում են արվեստի միությունից:
«Մշակույթով ապրողը» ցուցահանդեսը գործելու է մինչև հուլիս 16-ը:
Լուսանկարները՝ ՆԱՄ-ի ֆեյսբուքյան էջից: