Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները պայմանավորված են նաև վերջին շրջանում Թուրքիայի ցուցաբերած ակտիվությամբ
Իրանի ԱԳՆ պաշտոնապես արձագանքել է հուլիսի 4-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ռազմական գործողություններին: ԻԻՀ ԱԳՆ մամլո խոսնակ Բահրամ Ղասեմին նշել է. «Մենք կարծում ենք, որ որոշ ուժեր փորձում են դրսից թեժացնել սահմանին առկա լարվածությունը»,-այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Իրանի հարցերով փորձագետ Արմեն Իսրայելյանը։
Փորձագետի խոսքով՝ Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններից հետո Իրանը սահմանային անվտանգությանն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում: Առավել ևս, որ հուլիսի 4-ին տեղի ունեցած ռազմական գործողությունները տեղի էին ունեցել Իրանին սահմանակից շրջանում:
«Հունիսի 12-16 Նախիջևանում Ադրբեջանի և Թուրքիայի իրականացրած համատեղ զորավարժությունը, և դրան հաջորդած օրերին կրկին Նախիջևանում ԱՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի անցկացրած զորավարժությունը որոշակի անհանգստություն են առաջացրել Իրանում: Եվ եթե հաշվի առնենք այն փաստը, որ Բաքվի կողմից հայ-ադրբեջանական սահմանին իրականացվող սադրանքները ինչպես ապրիլյան պատերազմի ժամանակ, այնպես էլ այժմ բացահայտ աջակցություն են ստանում Թուրքիայի կողմից, ապա Իրանի ԱԳՆ-ն «դրսի ուժեր» ասելով, առաջին հերթին նկատի ունի Թուրքիային:
Վերջին շրջանում Ադրբեջանի կողմից իրականացրած ագրեսիվ գործողությունները անշուշտ կապված են նաև վերջին շրջանում Թուրքիայի ցուցաբերած ակտիվության հետ»,-գրել է Ա. Իսրայելյանը