Մշակութային օջախներն օգոստոսին չեն փակվի
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հուլիս և օգոստոս ամիսներին կշարունակվեն ներկայացումները: Հուլիսի 13-ին կներկայացվեն «Կարմեն Սյուիտ» (Ժ. Բիզե-Ռ. Շչեդրին) և «Լորկիանա» (Իսպանական ժողովրդական երաժշտություն) բալետային բեմադրությունները: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հանրային կապերի բաժնի հաղորդմամբ, օպերային թատրոնում ներկայացումները կշարունակվեն նաև օգոստոսին, իսկ հոբելյանական 85-րդ թատերաշրջանը կմեկնարկի սեպտեմբերից:
Մշակույթի նախարարության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն այսօրվա խորհրդակցությանը հայտարարել է, որ եթե օգոստոսին որևէ թատրոն իր դռները փակի և ամբողջ կազմով արձակուրդ վերցնի, այդ թատրոնի տնօրենն ու գեղարվեստական ղեկավարը տույժի կենթարկվեն:
«Օգոստոսն աշխատելու լավագույն ամիսն է, և որևէ մեկը չպետք է փակի իր դռները հանդիսատեսի առջև։ Եվ ոչ միայն թատրոնները, որևէ համերգասրահ կամ ցուցասրահ չպետք է փակվի։ Աշխատեք արձակուրդային հերթագայությամբ»,- ասել է նա: