Կոստանյան. Կարևոր է, որ դատախազը ստանձնի իրավապաշտպանի դեր և իր բնույթը փոխի
«Դատախազության աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթում ծրագրային հարցերի իրականացումը այս դահլիճում հնչեցված մտահոգությունների առնվազն 99 տոկոսի լուծումն է»,-այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց Հանրապետական խմբակցության պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:
Հիշեցնենք, անցած շաբաթ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ներկայացմամբ խորհրդարանը քննարկել է «Հայաստանի Հանրապետության դատախազության 2016 թվականի գործունեության մասին» հաղորդումը: Այսօր քննարկումը շարունակվեց մտքերի փոխանակման փուլից:
Կոստանյանը հաղորդման քննարկմանը չէր մասնակցում, քանի որ հանրապետությունում չէր: Ասաց՝ հետևել է հաղորդման քննարկումներին, քանի որ հաղորդման մի մասը վերաբերում էր իր պաշտոնավարման ընթացքին:
Անդրադառնալով «Ելք» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանի բարձրաձայնած կալանքը՝ որպես խափանման միջոց ընտրելու խնդրին, Կոստանյանն ասաց, Հայաստանն արդեն Եվրոպական դատարանում ունի լրջագույն խնդիր կալանքի հիմնավորման հետ կապված:
Նա ասաց, որ եթե նախկինում Եվրոպական դատարանը վճիռների կայացումը ձգում էր 6-7 տարի, ապա հիմա այն կարող է տևել 1-1.5 տարի:
«Յուրաքանչյուրս հնարավորություն ենք ունենալու տեսնել միջազգային կառույցի գնահատականը մեր գործողությունների վերաբերյալ»,-ասաց Կոստանյանը, ով նաև ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչն է:
Կոստանյանը մեջբերեց ՀՀ նախագահի ելույթի այն հատվածը, որ դատախազությունը պետք է ստանձնի իրավապաշտպանի դերը, կարևորեց այդ կետն ու մանրամասնեց. «Եթե նախկինում մենք խոսում էինք օրենքի գերակայության սկզբունքից, և դատախազները, դատավորները, քննիչներն ասում էին, դե օրենքը այդպես է, մենք ի՞նչ անենք: Հիմա Սահմանադրությամբ մենք օրենքի գերակայությունից անցում ենք կատարել իրավունքի գերակայությանը: Դա նշանակում է, եթե օրենքը ֆորմալ գործում է, բայց բովանդակային մասով հակասում է մարդու իրավունքներին, իրավակիրառ բոլոր մարմինները պետք է նախապատվությունը տան իրավունքին»:
Նա նկատեց, որ նախկինում բերված այդ հիմնավորումներն այլևս ընդունելի չեն, չեն կարող արդարացնել այն գործողությունները, որոնք կարող են հակասել մարդու իրավունքներին:
«Շատ կարևոր է, որ դատախազը ստանձնի իրավապշտպանի դեր և իր բնույթը փոխի, որովհետև պատմականորեն ստեղծման պահից դատախազությունն ավելի շատ ունեցել է պատժիչ ընկալում և դերակատարում: ՀՀ նախագահի ելույթն այս առումով շատ կարևոր էր: Ցանկացած ամբաստանյալ, մեղադրյալ դատախազի կողմից գործի նկատմամբ հսկողության օրինականության նկատմամբ այնքան վստահություն պետք է ունենա, որ անգամ փաստաբանի կարիք չունենա։ Դատախազությունը պետք է ստանձնի օրինականության երաշխավորի դերը, սա էլ իր հերթին կբերի իրավապահ համակարգի նկատմամբ վստահության ձևավորման»,-ասաց Կոստանյանը:
Անդրադառնալով կալանքների խնդրին, պատգամավորը կրկին հիշեցրեց հանրապետության նախագահի խոսքը՝ դրանց հիմնավորված լինելու անհրաժեշտության մասին:
«Եվրոպական դատարանի նախադեպային որոշում կա, ըստ որի ամեն անգամ կալանավորելիս նախաքննության մարմինը պետք է հիմնավորի իր միջնորդության մեջ, դատարանը պետք է հիմնավորի այն հիմքերը, որոնց առկայությամբ պետք է լինի կալանավորում»,-ասաց Կոստանյանը՝ նշելով, որ այս պարագայում մեծանում է միջնորդություն ներկայացնողի, այն բավարարողի պատասխանատվությունը:
«Չհիմնավորված կամ ոչ բավարար չափով հիմնավորված կալանքի դեպքում պատասխանատվության ենթակա սուբյեկտ է լինելու նաև դատարանը»,-ասաց նա:
Կոստանյանը համոզմունք հայտնեց, որ մեկ տարի անց հաղորդումը ներկայացնելիս այլ արդյունքներ են լինելու, գլխավոր դատախազին ուղղվելիք հարցերն էլ այլ են լինելու:
«Մեր խմբակցությունն ավելի պահանջատիրական տեսակետից է մոտենում արդարության հաստատաման, օրինականության ապահովման գործընթացին»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Խոշտանգումների հետ կապված այսօր լուրջ խնդրի առջև ենք կանգնած. Արթուր Դավթյան
- Կալանավորման խնդրին ինքնանպատակ չենք մոտենում. Արթուր Դավթյան
- Վերջին տարիներին նվազել են հանցագործությունները չգրանցելու արատավոր պրակտիկայի ռիսկերը. Գլխավոր դատախազ
- «Հանցավորության դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելուն ուղղված որակական փոփոխություններն անվիճելի անհրաժեշտություն են»
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին