Կարկուտից տուժած համայնքներում կգործի ջրի վարձի գանձման մեղմ ռեժիմ. Իգնատի Առաքելյան
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով կարկուտից տուժած համայնքներին՝ նշեց, որ կառավարություն են ներկայացրել բոլոր մարզերի՝ Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռիի, Տավուշի, Սյունիքի, Շիրակի տվյալները, որտեղ եղել է կարկտահարություն:
«Տվյալներն ամփոփվում են: Մենք կառավարությանն առաջարկել ենք, որ բոլոր վնասված տարածքների նկատմամբ լինի միանման դիրքորոշում»,- ասաց Իգնատի Առաքելյանը:
Գյուղնախարարը հայտնեց, որ վարկերի մայր գումարի վճարի հետաձգման հետ կապված՝ Կենտրոնական բանկն արդեն համապատասխան քայլեր ձեռնարկել է. «Քանի որ գյուղացիները հիմնականում վարկը վերցնում են Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկից, իրենք արդեն աշխատում են համապատասխան տարածքների հետ՝ զուտ գյուղատնտեսական վարկերի մասով»։
Ինչ վերաբերում է ջրի վարձին ու հողի հարկին, Իգնատի Առաքելյանն ասաց, որ գյուղատնտեսության նախարարությունն ու Ջրային պետական կոմիտեն ջրի վարձի առումով համատեղ քննարկում են անցկացրել, ինչի արդյունքում ձեռք է բերվել համաձայնություն, որ այն տարածքները, որոնք վնասվել են, մինչև տվյալների ամփոփումն այնտեղ լինի ջրի վարձի գանձման առումով մեղմ ռեժիմ:
«Այսինքն՝ ջուրը չկտրեն, ոռոգում իրականացնեն, մինչև լինի որոշում: Իհարկե դա կգործի միայն այն տարածքներում, որոնք տուժել են: Իսկ մյուս տնտեսություններին խնդրում եմ դա չչարաշահել, քանի որ կառավարության գումարները սահմանափակ են: Դրա համար բոլորս պետք է ազնիվ լինենք, որպեսզի կարողանանք այդ գումարը հասցնել այն տնտեսություններին, որոնք իսկապես տուժել են»,- ասաց Իգտանտի Առաքելյանը:
Նախարարը միաժամանակ նշեց, որ այս քայլերը ինչ-որ չափով մեղմելու են գյուղացիների կրած վնասը, բայց ամբողջական փոխհատուցման համար անհրաժեշտ է ներդնել ապահովագրական համակարգ:
Հարակից հրապարակումներ`
- Արագածոտնի մարզում տեղացած աննախադեպ կարկուտի վնասի չափը պարզ կլինի 2-3 օրից. ՀԺ
- Կարկուտը վնաս է հասցրել Սյունիքի 21 գյուղերի
- Մինչ կհաշվեն կարկուտի պատճառած վնասը, ներկայացնում ենք հակակարկտային կայանների համար ծախսված գումարները
- Վարչապետը 3 օր ժամանակ տվեց կարկուտի պատճառած վնասի չափը պարզելու համար
- Կարկուտը լուրջ վնասներ է հասցրել Արագածոտնի մարզում
- Կարկուտը վնասել է մշակաբույսերի ցանքատարածությունները և պտղատու այգիները
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են