Գևորգ Կոստանյան. Մարտի 1-ի գործի շատ հանգամանքներ դեռևս անհայտ են
«Որևէ մեկը չի կարող ասել, որ որևէ գործի քննություն ձգձգվում է արհեստականորեն»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով Մարտի 1-ի գործին, ասաց Հանրապետական պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:
Նրա խոսքով, միանշանակ է, որ գործի շատ հանգամանքներ դեռևս անհայտ են և բացահայտման կարիք ունեն:
«Եթե այդպես չլիներ, գործն ավարտված կլիներ. կամ մեղավորները ի հայտ կգային ու պատասխանատվության կենթարկվեին, կամ էլ գործերերը կկարճվեին: Այն հանգամանքը, որ այդ գործերը քննության փուլում են, չեն էլ կասեցվում, նշանակում է այդ գործերով բազմաթիվ անելիքներ կան»,-ասաց նա:
Կոստանյանը մանրամասնեց, եթե քրեական գործով այլևս անելիք չկա, քննիչը պարտավոր է կամ գործն ուղարկել դատարան, եթե կա մեղադրյալ ու նրա մեղքը հիմնավորված է։ Եթե մեղքը հիմնավորված չէ, գործը կարճել, և վերջին տարբերակը՝ եթե քրգործով մեղադրյալ չի կարողացել գտնել, բայց գործը կարճելու հիմքեր չկան, գործը կասեցվում է:
«Այն հանգամանքը, որ քրեական գործը քննիչի կողմից կասեցված չէ, դա նշանակում է, որ դեռևս և քննիչը, և դատախազը գտնում են, որ այդ քրեական գործով քննչական գործողությունների անհրաժեշտություն կա»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է այն կարծիքին, թե չեն ցանկանում բացահայտել Մարտի 1-ի գործը, Կոստանյանն արձագանքեց. «Նման հետևություն անելու համար չեմ կարծում, որ բավարար հիմքեր կան: Առնվազն նկատի ունենալով, որ ով նման հետևություն է անում, առնվազն տեղյակ չէ, թե ինչ քննչական գործողություններ են կատարվել»:
Նրա խոսքով, գործով առավել մանրամասներ կարող են ներկայացնել նախաքննական մարմինն ու դատախազությունը:
«Կարևորը արդյունքն է, որը մենք ակնկալում ենք, ոչ թե քննության տևողությունը»,-ասաց նա՝ ավելացնելով, որ այս պարագայում քաղաքական կամքի առակայությունը կամ դրա ոչ բավարար դրսևորավածությունն անտեղի է քննարկել:
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյան. Այստեղ պետք է ասեմ՝ քյարփինջը կապույտ
- Կոստանյան. Մարտի 1-ի գործով քննության արդյունավետության բոլոր ուղղություններն ապահովել եմ
- Մարտի 1-ի քրեական գործով նախաքննությունը շարունակվում է. Գլխավոր դատախազ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին