Մեկնարկել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը
Երևանում նախօրեին 14-րդ անգամ մեկնարկեց «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը: Ինչպես այս բոլոր տարիներին, այս անգամ ևս փառատոնի մեկնարկն ազդարարվեց ծիրանօրհնեքով:
Այնուհետև փառատոնի շրջանակում Շառլ Ազնավուրի անվան հրապարակում բացվեցին հայտնի ռեժիսորներ Ֆրունզե Դովլաթյանի, Յուրի Երզնկյանի և Սերգեյ Իսրայելյանի հիշատակը հավերժացնող աստղերը:
Արդեն երեկոյան «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ փառատոնի հանդիսավոր բացումը, որին ներկա էին բազմաթիվ օտարերկրյա հյուրեր, նաև պաշտոնյաներ, կինոգործիչներ:
Բացման հանդիսավոր արարողությունից հետո ցուցադրվեց Համո Բեկնազարյանի «Խասփուշ» կինոնկարը: Այս տարի լրանում է ֆիլմի 90-ամյակը: Պարսկաստանում Խասփուշների՝ ընչազուրկ գյուղացիների և արհեստավորների ապստամբության մասին պատմող այս ֆիլմը հայկական առաջին պատմահեղափոխական կինոնկարն է: Ֆիլմը ցուցադրվեց Վահագն Հայրապետյանի և նրա բենդի՝ հատուկ ֆիլմի համար գրված երաժշտության ուղեկցությամբ:
Նշենք, որ փառատոնը ստացել էր մոտ 1100 հայտ՝ 96 երկրից: Մրցութային և արտամրցութային տարբեր ծրագրերում ընդգրկվել է ավելի քան հարյուր ֆիլմ: «Ոսկե ծիրան»-ի` ավանդական դարձած Երևանյան պրեմիերաներ, Հետահայաց ցուցադրություններ և Հարգանքի տուրք արտամրցույթային ծրագրերն այս տարի ևս հանդիսատեսին և կինոսեր հասարակությանը կծանոթացնեն համաշխարհային կինոարվեստի գլուխգործոցներին: Կինոցուցադրությունները կզուգորդվեն վարպետության դասերով:
Փառատոնը կավարտվի հուլիսի 16-ին:
Հարակից հրապարակումներ`
- «Եղիցի լույս» մրցանակը կստանա Տիգրան Մանսուրյանը
- «Ոսկե ծիրան»-ը շատ բարձր որակ ունի. ՀՀ-ում Գերմանիայի դեսպան
- «Կյանք ու կռիվ»-ը ներկայացված է «Ոսկե ծիրան»-ում
- «Ոսկե ծիրան 14»-ը բավականին հարուստ է արտամրցութային ծրագրերով. Ստամբոլցյան
- Փորձում ենք լավագույն ֆիլմերը բերել Հայաստան. «Ոսկե ծիրանի» հիմնադիր տնօրեն
- «Ոսկե ծիրանն» արդեն 14 տարի այցեքարտ է դարձել Հայաստանի համար. Ռալֆ Յիրիկյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին