Նալբանդյան. Հայաստանը նպատակադրված է շարունակելու բարեփոխումները
«Հայաստանը և ԵՄ-ն ավարտել են 2017-2020թթ. Գործընկերության առաջնահերթությունների մշակումը, և վաղը Երևանում մեկնարկելու ենք այդ նույն ժամանակաշրջանի համար ԵՄ-ի կողմից Հայաստանին տրամադրվելիք Միասնական աջակցության շրջանակի շուրջ բանակցությունները»,-այս մասին հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նա ելույթ է ունեցել Քիշնևում կայացած Արևելյան գործընկերության մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը:
Նրա խոսքով, Հայաստանը պատրաստ է իր ներդրումն ունենալու այնպիսի մի փաստաթղթի մշակմանը, որը կարտացոլի համագործակցության իրական էությունը և կուղղորդի գալիք տարիների մեր ջանքերը:
«Ռիգայի հռչակագրի համաձայնեցված լեզուն կարող է հիմք ծառայել խնդրահարույց հարցերը հաղթահարելու համար: Ես կիսում եմ այն գործընկերների կարծիքը, ովքեր համոզված են, որ կարիք չկա բարդացնելու գալիք գագաթաժողովի մթնոլորտը այնպիսի խնդիրներով, որոնք, բոլորս էլ գիտենք, որ կարող են արգելակել կոնսենսուսի կայացումը»,-ասել է ԱԳ նախարարը:
Նալբանդյանը նշել է, որ Եվրոպական միության հետ արդյունավետ համագործակցությունն իր նպաստն է բերել Հայաստանում սահմանադրական բարեփոխումների գործընթացում և այս տարվա ապրիլին խորհրդարանական ընտրությունների կազմակերպմանը, որոնք արժանացել է մեր գործընկեր երկրների և մասնագիտացված միջազգային կազմակերպությունների բարձր գնահատականին:
«Հայաստանը նպատակադրված է շարունակելու բարեփոխումները: Եվրոպական միությունը եղել և մնում է մեր վստահելի գործընկերն այս գործընթացներում։ Հայաստանը բարձր է գնահատում Եվրոպական միության հետ գործընկերությունը և ակնկալում է ապագա արդյունավետ համագործակցություն»,-ասել է նա:
Ելույթն ամբողջությամբ՝ այստեղ:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին