Վրաստանում հայկական վարորդական իրավունքով երթևեկելու պատճառով տուգանքները չեն չեղարկվել
Վրաստանում հայկական վարորդական իրավունքով երթևեկելու պատճառով տուգանվածների տույժերը չեն չեղարկվել: Jnews-ն գրում է, որ վարորդները տարակուսանքի մեջ են, ոչ-ոք հստակ պատասխան չունի, ի՞նչ անել, ու՞մ հավատալ:
Հուլիսի 5-ին Վրաստանում սկսել էին տուգանել այլ երկրների վարորդական իրավունքով երթևեկող վարորդներին: Ջավախքում շատերը հայկական վարորդական իրավունք ունեն, նրանք հայտնվել են բարդ իրավիճակում: Հովհաննես Եսոյանը մեկն է այն մարդկանցից, ում տուգանել են:
«Ես մոտավոր ժամը 12-ի կողմերը սահմանն (Բավրայի անցակետով դեպի Հայաստան) էի անցնում, անցանք, հետո հետ կանչեցին, վարորդական իրավունքս վերցրին, համարյա կես ժամ ստուգեցին և ասացին, որ ձեր վարորդականը չի գործում, որակազրկված է: Ես նույնիսկ թուղթ ստորագրեցի, որ իմ մեքենան ուրիշին եմ վստահում, որ սահմանն անցկացնի, բայց տուգանք գրեցին 500 լարի, ես չեմ ստորագրել և համաձայն չեմ տուգանքի հետ: Ինձ 10 օր ժամանակ են տվել, որ դատարան դիմեմ, բայց, գիտեմ դատարանում ավելորդ ժամանակ ու միջոցներ եմ վատնելու, անիմաստ է», – պատմել է Հովհաննես Եսոյանը Նինոծմինդայից:
Վարորդները փաստում են, որ Հայաստանից Վրաստան ուղևորվող մեքենաների վարորդներին չեն տուգանում, առաջին անգամ բավարարվում են միայն զգուշացմամբ:
«Հայաստանից եկողներին զգուշացնում էին, որ այլևս չվարեն հայկական վարորդական իրավունքով: Մարդ էինք կանչում քաղաքից, որ գային սահմանն անցկացնեին: Ինձ բացատրեցին, որ պիտի գնամ Հայաստան, վարորդական իրավունքս թարմացնեմ, դարձնեմ 2017 թվականի, որ նոր կարողանամ հանգիստ վարել», – նշել է Հովհաննես Եսոյանը՝ միանշանակ ավելացնելով, որ նույն օրը շատերն են իր բախտին արժանացել, այսինքն 500-ական լարիի չափով տուգանվել:
Jnews-ի ունեցած տվյալների համաձայն, հուլիսի 5-ին Ախալքալաքում և Նինոծմինդայում շատերին են տուգանել շրջիկ պարեկային ոստիկանության աշխատակիցները: Նույն օրը երիտասարդները բողոքել էին մասսայական բնույթ կրող տուգանքների դեմ, քանի որ վերջիններս նախօրոք զգուշացված չեն եղել: Արդյունքում հուլիսի 6-ին պատգամավոր Սամվել Մանուկյանը տեղեկացրել էր, որ խնդիրը լուծված է, նույնիսկ չեղարկվել են արդեն գրված տուգանքները: Սակայն տուգանված վարորդները հայտնում են, որ իրենց տուգանքները դեռ չեղարկված չեն:
«Ես երկու օր է ստուգում եմ, համակարգիչ եմ մուտքագրում իմ անձնական տվյալները և ցույց է տալիս, որ 500 լարի տուգանք ունեմ վճարելու: Թեժ գիծ եմ զանգել, ինձ ասացին, որ անհնար է տուգանքը չեղարկել: Հետո իմ ընկերը զանգեց, ում նույնպես տուգանել են: Նրան էլ ասացին, որ տուգանքները չեն հանել, բայց հայկական վարորդական իրավունքով կարող են երթևեկել: Իսկ երրորդին էլ ասացին՝ ոչ հայկական վարորդական իրավունքները կգործեն, ոչ էլ տուգանքները կչեղարկվեն: Երեքս էլ իրար կողք կանգնած, մի քանի րոպեների տարբերությամբ զանգել ենք նույն թեժ գիծ»,- պատմել է Հովհաննեսը:
Ստեղծված իրավիճակում Jnews-ը փորձել է պաշտոնական պարզաբանում ստանալ Վրաստանի Ներքին գործերի նախարարությունից, որտեղ խնդրել են գրավոր ներկայացնել հարցերը և խոստացել հուլիսի 7-ին, մինչև աշխատանքային օրվա ավարտին պատասխանել հարցերին, սակայն չեն պատասխանել:
Հուլիսի 1-ից Վրաստանում վարորդական նոր նորմեր են մտցվել՝ 100 բալանոց համակարգը: Արդունքում, պարեկային ոստիկանության աշխատակիցները սկսել են տուգանել հայկական վարորդական իրավունքով վարորդներին: Քանի-որ 100 բալանոց համակարգով խախտումների դեպքում բալերն են իջեցվում, և ամբողջ թղթաբանությունն արվում է հենց վարորդական վկայականով, իսկ հայկական վարորդական վկայականի դեպքում թղթաբանությունը էլ ավելի է բարդանում:
Աղբյուրը նշում է, որ նյութում հիմնական շեշտադրում է կատարվել կոնկրետ հայկական վարորդական իրավունքով երթևեկող վարորդների խնդիրներին, քանի, որ Ջավախքում շատերի վարորդական վկայականը հենց հայկական է: Սակայն Վրաստանում սկսել են տուգանել օտար երկրում ձեռք բերված վարորդական իրավունքի համար:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին