Վահագն Հարությունյան. Ես վստահ էի, որ Մալթա մեկնում ենք չեմպիոնության համար
Բասկետբոլի Մ 18 տարեկան աղջիկների Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում այս տարի Հայաստանի հավաքականը երկրորդն էր: Մեր թիմը զիջել է միայն հիմնական մրցակից Կիպրոսին: Հավաքականի ավագ մարզիչ Վահագն Հարությունյանի խոսքով պարտության պատճառը հոգեբանական էր, քանի որ բացակայում էին թիմի առաջատարներից մի քանիսը: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում մարզիչն ամփոփել է առաջնության արդյունքները:
«Ես վստահ էի, որ Մալթա մեկնում ենք չեմպիոնության համար: Բայց, բացման արարողությունից սկսած մեր բասկետբոլիստների մոտ հոգեբանական լարվարծություն կար: Մրցակիցները կանգնած էին 11-12 բասկետբոլիստով, իսկ մենք` 7: Ինչպես հայտնի է, թիմի կազմում բացակայում էին մեր առաջին համար Վիկտորյա Տոնոյանը և առանցքային խաղացողներ:
Առաջին խաղը Կիպրոսի հետ էր: Այն որոշելու էր չեմպիոնության հարցը: Նրանք զգացին, որ մեր բասկետբոլիստները հոգեբանորեն լարված են և երկրորդ խաղակեսից հետո առավելություն ստացան: Մեր ուժերը սպառվել էին, բայց ոչ թե ֆիզիկապես, այլ հոգեպես: Գործնականում առանց փոխարինումների ենք խաղացել»,- ՀԱՕԿ լրատվականին ասել է Վահագն Հարությունյանը:
Մարզիչը գիտակցում է, որ իր սաները Կիպրոսի հավաքականից ավելի ուժեղ էին: Նա վստահ է, որ այդ կազմով էլ չէին պարտվի, եթե խաղը լիներ մրցումային գոնե երկրորդ օրը:
«Նույնիսկ Մալթայի բնակիչների, երկրպագուների համար առաջինը մենք էինք: Հաջորդ տարի նախատեսում ենք հանդես գալ B դիվիզիոնում, սակայն դեռևս որոշված չէ Մ 18, թե Մ 20 տարիքային խմբում: C դիվիզիոնում այլևս անելիք չունենք»,- նշել է Վահագն Հարությունյանը:
Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությանը մասնակցում են եվրոպական 20-ից ավելի երկրներ: