«EPIC» ռոք փառատոնը կմեկնարկի Ծաղկաձորում
EPIC միջազգային նախագծի շրջանակներում կայանալիք EPIC Օpen Air Rock Fest 2017 նախագծի մամլո ասուլին կազմակերպիչները ներկայացրին միջոցառման նպատակը, ծանոթացրին մասնակցության պայմաններին և օրակարգին:
Մամլո ասուլիսին ներկա էին «EPIC» նախագծի համահիմնադիրներ, ինչպես նաև գործընկեր կառույցների և ընկերությունների՝ ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեի, Հայաստանի ռոք ասոցիացիայի, «Ռոստելեկոմ» Հայաստանի, «Ռադիո Վան»-ի և խմբերի ներկայացուցիչներ։
«Ռոստելեկոմը» աջակցում է նախագծի իրականացմանը և կազմակերպչական աշխատանքներին, փառատոնին ներկայանալու է առանձին տաղավարով։
«Ռոստելեկոմ» ընկերությունից հայտնում են, որ EPIC Օpen Air Rock Fest 2017 կմեկնարկի օգոստոսի 12-13-ը Ծաղկաձոր քաղաքում:
EPIC Օpen Air Rock Fest2017-ը արդեն իսկ ճանաչվել է ԱՊՀ երկրների տարածքում անցկացվելիք լավագույն 5 երաժշտական փառատոններից մեկը։
«Սա հրաշալի տոն է ոչ միայն ռոքասերների այլ նաև բոլոր երաժշտասերների, ինչպես նաև իրենց երաժշտական էմոցիաները բացահայտել ցանկացողների համար: Փառատոնի նպատակն է միավորել հազարավոր երաժշտասեր մարդկանց, ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ մարդկային հույզերի, էներգետիկայի բախումը կվերածվի իսկական հրավառության: Մասնակիցներին հնարավորություն կընձեռվի վայելել հայտնի ռոք խմբերի կենդանի կատարումները»,-նշել են փառատոնի հիմնադիրները։
Միջոցառմանը հանդես կգան ինչպես Հայաստանից, այնպես էլ Վրաստանից, Եվրոպայից և այլ երկրներից հրավիրված երաժիշտներ: Մասնակից խմբերի կազմում են ԴՈԳՄԱ / DOGMA, Vostan Hayots - Ոստան Հայոց, Vordan Karmir, EMPYRAY, Rozen Tal, Nemra, Vishup Ensemble, The Black Marrows:
Նախագծի մասին մանրամասները ներկայացված են կայք-էջում հետևյալ հղումով: