Ավտոկայարանները նախատեսում են անցնել տոմսերի էլեկտրոնային վաճառքի
«Տոմսերը վաճառվում են տոմսարկղերում, մեքենաներն էլ մեկնում են ըստ սահմանված ժամանակացույցի, առանց ժամային շեղումների»: Երևանի «Կենտրոնական» և «Հարավային» Ավտոկայարաններ այցելած նախարար Վահան Մարտիրոսյանի հետ զրույցում ուղևորները հաստատել են, որ տոմսը գնել են, ճիշտ ժամին շարժվում են։ Չնայած առկա դրական տեղաշարժերին, տոմսերը դեռ ավանդական՝ տոմսարկղային եղանակով են վաճառվում, տոմսարկղերի մոտ հերթեր են գոյանում։
Ավտոկայարանի տնօրենը նշել է , որ այդ ուղղությամբ քայլեր են ձեռնարկում,
որպեսզի կարճ ժամանակահատվածում անցում կատարեն տոմսերի վաճառքի
էլեկտրոնային համակարգին:
Վահան Մարտիրոսյանը հետաքրքրվել է նաև ավտոկայարանում տեղակայված բուժկետի
գործունեությամբ։ Նշվեց, որ մինչև երթուղի դուրս գալը վարորդները բուժզննում են անցնում։ Հաճախ նաև ուղևորներն են դիմում։
Նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, նախարարի ուշադրությունը գրավել է նաև ավտոկայարանի տարածքում մեկնման համար նախատեսված հատվածներում կայանած մեքենաների, այդ թվում՝ տաքսիների առատությունը։ Տնօրենը պատճառաբանեց, որ ուղևորներին ճանապարհելու և դիմավորելու եկած մեքենաներ են։
Նախարարը հանձնարարել է այդ մեքենաների համար կայանման տարածք առանձնացնել և թույլ չտալ, որ կուտակումները խանգարեն կանոնավոր ուղևորափոխադրող տրանսպորտային միջոցների կայանելուն ու ելումուտին։ Իսկ տաքսիները կկանգառեն նախատեսված վայրերում։
Խնդրահարույց են նաև ավտոկայարանի շենքային պայմանները. տասնյակ տարիներ չվերանորոգված շենքի տանիքը կաթում է, սանհանգույցները վատ վիճակում են: Վահան Մարտիրոսյանը հանձնարարեց կազմել նախահաշիվ, որպեսզի անհրաժեշտ գումարի առկայության դեպքում խնդիրներին աստիճանական լուծում տրվի: «Հարավային» ավտոկայարանից ուղևորափոխադրումներ են կատարվում դեպի Հայաստանի հարավային բնակավայրեր՝ Մասիս, Արտաշատ, Արարատ, Դվին, Գորիս, Մեղրի և այլ ուղղություններով։
Ավտոկայարանում սպասասրահ չկա։ Այդ նպատակով սկսված շենքի շինարարությունն
ընդհատվել է՝ շինարարի կողմից շինարարության նորմերի խախտումների պատճառով։
Մինչ խնդիրների կարգավորումը՝ մի փոքր տարածք է առանձնացվել, մի քանի
նստարաններ են տեղադրվել։
«Տրանսպորտային երթուղիները պետք է հասանելի և հարմարավետ լինեն Հայաստանի բոլոր բնակավայրերի բնակիչների համար»,-ասել է նախարարը: