Պայմանագրային զինծառայողի մեկ աչքի տեսողությունը վերականգնվել է
Հունիսի 16-ին Արցախում վիրավորված պայմանագրային զինծառայող Մյասնիկ Հովհաննիսյանի առողջական վիճակը գնահատվում է նորմալ, զինծառայողը երեկ դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին Panorama.am-ի թղթակցին ասաց Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Մալայանը:
«Մեկ աչքի տեսողությունն արդեն վերականգնվել է, մյուսի բուժումը դեռ շարունակվում է: Հաշվի առնելով այն վնասվածքը, որ ստացել է զինծառայողը, այսօր կարող ենք ասել, որ նրա առողջական վիճակը նորմալ է»,- նշեց ակնաբույժը՝ հավելելով, որ զինծառայողը բուժումը կշարունակի ամբուլատոր պայմաններում:
Հիշեցնենք, որ Արցախում հակառակորդի կրակոցից աչքի վիրավորում և այրվածքներ ստացած 33-ամյա պայմանագրային զինծառայողին Զինվորական կենտրոնական հոսպիտալում հունիսի 17-ին առաջին բժշկական օգնություն ցուցաբերելուց հետո տեղափոխել էին Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն:
Նույն օրը նրան վիրահատել է վնասվածքաբանության բաժանմունքի վարիչ, պրոֆեսոր Արմեն Վարդանյանը։ Վտանգավոր է եղել հատկապես մեկ աչքի բավական մեծ ներակնային օտար մարմինը։ Այն հաջողությամբ հեռացվել է, իրականացվել է լազերային բուժում։ Համեմատաբար քիչ վտանգ են ներկայացրել մյուս աչքը վնասած բազմաթիվ օտար մարմինները։
Նշենք նաև, որ հունիսի 16-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, հակառակորդը հաստոցավոր հակատանկային նռնականետերից խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Արայիկ Ռուդիկի Մատինյանը (ծնված 1997թ.), Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը (ծնված 1997թ.) և Վարդան Ծովակի Սարգսյանը (ծնված 1997թ.): Հաջորդ օրը ադրբեջանական կողմը հյուսիսային ուղղությամբ ևս դիմել է հերթական սադրանքի, որի հետևանքով ժամը 09.40-ի սահմաններում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Նարեկ Տիգրանի Գասպարյանը:
Հարակից հրապարակումներ`
- Արա Բաբլոյանն այցելել է Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն
- ԱՆ. Եթե բարդություններ չլինեն, զինվորի տեսողությունը կվերականգնվի
- Արցախից Երևան տեղափոխված զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում. Կամավոր Խաչատրյան
- Արցախից երկու վիրավոր զինծառայող տեղափոխվել է Երևան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին