Իրանական Կարմիր Մահիկն ու Հայկական Կարմիր խաչը, հնարավոր է Երևանում կլինիկա հիմնեն
Հայկական Կարմիր խաչի ընկերության գլխավոր գրասենյակում այսօր համագործակցության հուշագիր ստորագրվեց Իրանի Կարմիր մահիկի ընկերության պատվիրակության հետ։
Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ Մխիթար Մնացականյանը նշեց, որ ընկերությունն ունի 97 տարվա պատմություն և անում է հնարավորը՝ իր դերն ու առաքելությունն իրականացնելու գործում:
«Հայկական կարմիր խաչի ազգային ընկերությունն այսօր գործունեություն է ծավալում՝ աղետների կառավարման, բնակչության տեղաշարժի առաջին օգնության, որոնողական ծառայության, երիտասարդական հիմնախնդիրների և մարդասիրական արժեքների տարածման ոլորտներում: Այս ամենն իրագործում ենք 11 մարզային, 1 տարածաշրջանային և 52 համայնքային մասնաճյուղերի միջոցով»,- նշեց նա:
Մնացականյանն ընդգծեց, որ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը մեծապես կարևորում է Իրանի կարմիր մահիկի հետ համագործակցությունը. «Ստորագրված համաձայնագրով մենք պատրաստվում ենք համագործակցել հետևյալ ոլորտներում՝ աղետների կառավարում, աղետների արձագանքում, ռիսկի նվազեցում, արտակարգ իրավիճակների արձագանքում, հումանիտար օգնություն աղետների ժամանակ»:
Իրանի Կարմիր մահիկի ընկերության նախագահ Սեյեդ Ամիր Մոհսեն Զիաին իր հերթին հավելեց, որ իրենց այցի հիմնական նպատակը Հայկական Կարմիր խաչի ընկերության հնարավորություններին տեղում ծանոթանալն է նաև հուշագրի ստորագրումը:
«Եվ տարածաշրջանային, և միջազգային մասշտաբներով մենք հետևում ենք նույն սկզբունքներին և նպատակներին, այլ կերպ ասած՝ մի մեծ ընտանիքի անդամ ենք: Մեր հիմնական նպատակը ժողովուրդներին ծառայելն է՝ հատկապես արտակարգ իրավիճակներում խոցելի խավերին աջակցություն ցուցաբերելը: Մենք ունենք բազմաթիվ ընդհանուր խնդիրներ, որոնց համար կարող ենք ընդհանուր լուծումներ գտնել»,- ասաց Իրանի Կարմիր մահիկի ընկերության նախագահը:
Սեյեդ Ամիր Մոհսեն Զիաին նշեց նաև, որ աշխատանքներից մեկը կարող է լինել Կարմիր Մահիկի, Կարմիր խաչի և ՀՀ առողջապահության նախարարության համատեղ ջանքերով Երևանում կլինիկա հիմնելը. «Եկել է ժամանակը, որպեսզի Կարմիր մահիկն իր փորձը ներկայացնի միջազգային հանրությանը»։