Արտգործնախարար. Բաքուն բացահայտորեն ցուցադրում է, որ ունակ չէ ընկալելու նույնիսկ հասցեական կոչերը
«Ադրբեջանն անտեսում է եռանախագահող երկրների կոչերը` կառչած մնալով բանակցային սեղանին իր խիստ ապակառուցողական վարքագծին և հակամարտության գոտում սադրիչ գործողությունների քաղաքականությանը: Բաքուն բացահայտորեն ցուցադրում է, որ ունակ չէ ընկալելու նույնսիկ հասցեական կոչերը»,- այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ ելույթ ունենալով Վիեննայում անցկացված ԵԱՀԿ արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը:
Նա հիշեցրել է, որ իրենց հայտարարության մեջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մատնանշել են Ադրբեջանին որպես բռնությունը նախաձեռնող կողմ:
«Սա եռանախագահների` ուղղակիորեն Ադրբեջանին հասցեագրված առաջին կոչը չէր: Նախկինում եռանախագահներն իրենց մի շարք հայտարարություններում բացեիբաց կոչ են արել Բաքվին զերծ մնալ իրադրության սրումից, վերահաստատել հիմնախնդրի խաղաղ կարգավորման հանձնառությունը, վերջ տալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հասցեին հնչեցվող քննադատությունները և հարգել վերջիններիս մանդատը, դադարեցնել հակամարտության հանգուցալուծումն այլ ձևաչափեր տեղափոխելու փորձերը, համաձայնել հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծմանը: Ի պատասխան Ադրբեջանի` 1994-1995թթ. հրադադարի համաձայնագրերի վավերականությունը հարցականի տակ դնելու վերաբերյալ պնդումների` եռանախագահները հստակորեն հայտարարեցին, որ այդ համաձայնագրերն անժամկետ են և պետք է խստորեն պահպանվեն»,-ասել է ԱԳ նախարարը:
Նախարարը նշել է, որ հուլիսի 4-ին Ադրբեջանի ղեկավարությունը կրկին, տխրահռչակ ահաբեկչական կազմակերպությունների ոճով, ինչպես շատ անգամ դրանից առաջ, իր ժողովրդին որպես կենդանի վահան օգտագործեց` ռմբակոծելու Լեռնային Ղարաբաղը ծանր հրետանու, ներառյալ՝ համազարկային հրթիռային համակարգերի կիրառմամբ։ Ի պատասխան, ԼՂ պաշտպանության բանակը ստիպված էր ադրբեջանական կողմի ագրեսիվ գործողությունների դեմ ինքնապաշտպանության դիմել։
«Քանի դեռ Ադրբեջանը չի կատարում 1994-95թթ. զինադադարի եռակողմ համաձայնագրերով ստանձնած իր միջազգային պարտավորությունները, հրաժարվում է իրականացնել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված համաձայնությունները, հատկապես զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ, որը կարող է նաև կանխարգելման մեխանիզմ հանդիսանալ, ապա հենց Ադրբեջանի ղեկավարությունն է կրում իր սադրանքների հետևանքների համար ողջ պատասխանատվությունը: Այս զարգացումները ևս մեկ անգամ ընդգծում են միջազգային հանրության կողմից Ադրբեջանին զսպելու նպատակով առավել շոշափելի միջոցների ձեռնարկման հրամայականը»,-ասել է Էդվարդ Նալբանդյանը:
Նախարարն իր ելույթում նշել է, որ հայկական կողմը հանձնառու է ԵԱՀԿ շրջանակներում խաղաղության, անվտանգության և համագործակցության առաջմղմանը ու շարունակելու ենք ակտիվորեն ներգրավված լինել այս ուղղությամբ ձեռնարկվող բոլոր ջանքերում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան