Նալբանդյան. Ադրբեջանի կեցվածքը հարցականի տակ է դնում Բաքվի՝ որպես բանակցային կողմ հանդես գալու ունակությունը
«Վստահությունը կառուցվում է, երբ պայմանավորվածությունները կատարվում են»,-այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ ելույթ ունենալով ԵԱՀԿ արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը:
Նալբանդյանի ելույթը վերնագրված էր «Վստահության ամրապնդում երկխոսության և համագործակցության միջոցով»:
Նա նշել է, որ հենց այդ ընկալմամբ է, որ Հայաստանը և Արցախը իրենց համաձայնությունը տվեցին՝ կյանքի կոչելու վերոնշյալ բարձր մակարդակի համաձայնությունները:
«Ադրբեջանը հետքայլ կատարեց այդ պայմանավորվածություններից այնպես, ինչպես բազմիցս վարվել էր նախկինում: Ադրբեջանի այս կեցվածքը հարցականի տակ է դնում Բաքվի՝ որպես բանակցային կողմ հանդես գալու ունակությունը, որը կարող է հարգել ձեռք բերված համաձայնությունները»,-նշել է ԱԳ նախարարը:
Իր ելույթում նա ասել է, որ 2016թ. ապրիլին Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա ծավալեց Արցախի դեմ, որն ուղեկցվեց միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումներով, քաղաքացիական բնակչության, այդ թվում՝ երեխաների, կանանց և տարեցների հանդեպ իրականացված վայրագություններով, մարմինների անդամահատումներով, ԴԱԻՇ-ի ոճով գլխատումներով. գործողություններ, որոնք դատապարտվեցին միջազգային հանրության կողմից:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները նախաձեռնեցին Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովները` Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները հաղթահարելու, ինչպես նաև բանակցային գործընթացի առաջխաղացման համար համապատասխան պայմաններ ստեղծելու նպատակով:
«Վիեննայի գագաթաժողովի ժամանակ, մասնավորապես, համաձայնություն ձեռք բերվեց, ինչն այնուհետև վերահաստատվեց Սանկտ Պետերբուրգում. ներդնել ԵԱՀԿ մեխանիզմ՝ հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության համար, որը կարող էր նաև ծառայել որպես իրավիճակի սրման կանխարգելման մեխանիզմ, ինչպես նաև ընդլայնել Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի միջև շփման գծում և Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանին ԵԱՀԿ դիտորդական խմբի կարողությունները։ Վերահաստատվեց հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման հանձնառությունը, ընդգծվեց 1994-1995թթ. եռակողմ զինադադարի համաձայնագրերի անշեղորեն կատարման անհրաժեշտությունը»,-նշել է Նալբանդյանը:
Հարակից հրապարակումներ`
- Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Իռլանդիայի արտգործնախարարին
- Նալբանդյանն ու Լավրովը շեշտել են Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունների իրագործման անհրաժեշտությունը