Դիլիջանցիների ծորակից դեռ պղտոր ջուր կգա
Դիլիջանցիները բողոքում են՝ արդեն մի քանի տարի ծորակից, մեղմ ասած, պղտոր ջուր է գալիս: Խմելու համար պիտանի ջրի մասին քաղաքի բնակիչները երազում են:
«Տեղադրում եմ երկու տարի առաջ նկարահանված տեսանյութը՝ ծորակից հոսող ջրի մասին և րոպեներ առաջ նկարած լուսանկարներ։ Ե՞րբ է ջրի հարցը լուծվելու, ե՞րբ ծորակը բացելուց ջուր կհոսի, որը եթե աշխարհում երկրորդ տեղը չզբաղեցնի, գոնե խմելու համար պիտանի կլինի»,-ֆեյսբուքում լուսանկարներ էր հրապարկել ու գրել սոցցանցի օգտատերերից մեկը:
Ջրի որակի բարելավման համար մեծ ներդրումներ են պետք, դրանք պետք է կատարի ոչ թե «Վիոլա Ջուր» ընկերությունը, այլ՝ կառավարությունը:
Panorama.am-ին «Վիոլա Ջուր» ընկերությունից հայտնեցին, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքին մատակարարվող ջրերը վերցվում են գետային ջրընդունիչներից։ Մակերևութային ջրառով է պայմանավորված արտաքին գործոնների ազդեցությունը ջրի որակի կազմավորման վրա:
«Հատկապես գարնանային արագ ձնհալի և հորդառատ անձրևների շրջանում ստեղծվում է արտակարգ իրավիճակ ջրի մաքրման կայաններում, երբ արագ հոսող փոքր լեռնային գետերի ջրի պղտորությունը գերազանցում է մաքրման կայան մտնող ջրի որակի համար նախատեսված սահմանային նորմերը»,-նշում են ընկերությունից:
Ընկերության մասնագետները պարզաբանում են, որ այդ օրերին ջրի մաքրման կայանից մատակարարվող ջրի պղտորումները բացառելու նպատակով ընկերության կողմից իրականացվում են հնարավոր միջոցառումները` ջրային բնույթի սուր վարակիչ հիվանդությունների կանխարգելման, խմելու ջրի պահանջվող որակի ապահովման համար: Ջրի մաքրման կայաններից սնվող բնակավայրերի ջրամատակարարումը գտնվում է ընկերության հատուկ հսկողության տակ և հնարավորինս ամեն ինչ արվում է ջրի որակը պատշաճ մակարդակի պահելու համար:
«Վեոլիա Ջուր ՓԲԸ նախկին ջրամատակարար կազմակերպությունից ժառանգել է տեխնիկապես ծայրահեղ վատ վիճակում գտնվող, տեխնոլոգիապես օրվա պահանջներին չհամապատասխանող խմելու ջրի մաքրման կայաններ։ Ընկերությունն արդեն ուսումնասիրել է դրանց ներկայիս վիճակը և ներկայացրել համապատասխան առաջարկներ»,-հայտնեցին ընկերությունից:
Նաև ասացին, մասնավորապես, արդեն հստակ է, որ Դիլիջան քաղաքին մատակարարվող խմելու ջրի որակի բարձրացման համար անհրաժեշտ են մեծ, կապիտալ ներդրումներ, որը ըստ վարձակալության պայմանագրի պետք է իրականացնի ՀՀ կառավարությունը, ի դեմս ՀՀ ԷԵԲՊՆ-ի Ջրտնտպետկոմիտեի:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին