Հաբեթնակ Կուրղինյան. Աշխարհի առաջնություն միայն մասնակցության համար չենք կարող մեկնել
Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը ոչ ամբողջական կազմով մասնակցում էր Ալի Ալիևի հուշամրցաշարին: Հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Հաբեթնակ Կուրղինյանը գոհ չէ ըմբիշների ելույթներից: Չորս մարզիկ և մեկ մեդալ: Միայն Գևորգի Կետոևին էր հաջողվել երրորդ տեղ զբաղեցնել:
«Իմ նպատակն աշխարհի առաջնությունից առաջ ըմբիշների հնարավորությունները տեսնելն էր: Տղաներից ամեն մեկն իր սխալներն ունի` ֆիզիկական, տեխնիկական: Նրանք պատրաստ չեն տարվա գլխավոր ստուգատեսին: Իսկ մենք աշխարհի առաջնություն միայն մասնակցության համար չենք մեկնելու»,-ՀԱՕԿ պաշտոնական էջի փոխանցմամբ, ասել է նա:
Կուրղինյանի խոսքով, այսօր աշխարհի առաջնությունում սպասելիքներ ունենք այն ըմբիշներից, որոնք միջազգային մրցաշարերում կամ Եվրոպայի առաջնությունում մրցանակային տեղ են զբաղեցրել: Մյուսները պետք է շատ աշխատեն և ավելի պատասխանատվությամբ մոտենան մրցումներին:
Նարեկ Սիրունյանը ևս պետք է հանդես գար հուշամրցաշարում: Սակայն ըմբիշը վնասվածքի պատճառով այն բաց թողեց: Սիրունյանի մասնակցությունը հարցականի տակ է նաև աշխարհի առաջնությունում:
«Թիմի կազմը պարզ կդառնա վերջին հավաքից հետո: Շատ լավ կլինի, որ մեր բոլոր ըմբիշները կարողանան մասնակցել Մ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը: Այս փորձն աշխատեց Վալոդյա Ֆրանգուլյանի և Գրիգոր Գրիգորյանի դեպքում: Մ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Ֆրանգուլյանը չեմպիոն էր դարձել, իսկ Գրիգորյանը փոխչեմպիոն: Նրանք զգացին, որ կարող են հաղթել նաև մեծահասակների պայքարում»,- ասել է մարզչի պաշտոնակատարը:
Ալի Ալիևի հուշամրցաշարին մասնակցում էին Գարիկ Բարսեղյանը (57 կգ), Վալտեր Մարգարյանը (70 կգ), Վահե Թամրազյանը (86 կգ) և Գևորգի Կետոևը (97 կգ):
Հուլիսի 15-ին հավաքականը կմեկնի Կիսլովոդսկ, որտեղ Ռուսաստանի ընտրանու հետ համատեղ հավաք կանցկացնի:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան