Հայաստանն ու Չինաստանը կհամագործակցեն մասսայական սպորտի զարգացման հարցում
Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը և մեր երկրում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունը ստորագրել են պայմանագիր՝ Հայաստանում մասսայական սպորտի զարգացմանը Չինաստանի աջակցության վերաբերյալ:
«Վստահ եմ, որ սա առայժմ մեր համագործակցության մեկնարկն է, որը լինելու է շարունակական և տալու է ցանկալի արդյունք՝ Հայաստանի բոլոր մարզերում զարգացնել մասսայական սպորտը և տարածել առողջ ապրելակերպի գաղափարները»,- ասել է Հրաչյա Ռոստոմյանը:
Դեսպան Թիան Էրլունը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ Չինաստանում ավանդաբար մեծ նշանակություն է տրվել մասսայական սպորտին, և ինքն ուրախ է, որ այս համագործակցությունը կօգնի հատկապես Հայաստանի մարզերում մարզվողների թվի ավելացմանը եւ բնակչության շրջանում առողջ ապրելակերպի գաղափարների արմատավորմանը:
Այս փուլում նախատեսվում է մարզահրապարակներ կառուցել Լոռու մարզի Վանաձոր, Սյունիքի մարզի Կապան և Տավուշի մարզի Իջևան քաղաքներում:
«Նախարարության և ՀԱՕԿ-ի կողմից հետեւողական աշխատանք է տարվելու հաջորդ երկու տարիների ընթացքում նաև մյուս բոլոր մարզերում նմանատիպ մարզահրապարակներ ունենալու համար»,- նշել է Հրաչյա Ռոստոմյանը։