«Հեղաշրջումից» հետո Թուրքիայում շարունակում է բանտարկված մնալ 71 հազար մարդ. թուրք գրող
Գրեթե մեկ տարի է՝ Թուրքիան ղեկավարվում է բռնատիրական կարգերով, ամբողջ երկրում արտակարգ իրավիճակ է: Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Հրանտ Դինք» հիմնադրամի «Հաղթահարենք սահմանները» ծրագրի շրջանակներում Երևան ժամանած թուրք գրող և հրապարակախոս Զեյնել Աբիդին Քըզըլյափրաքը:
«Անցած տարվա, այսպես կոչված, հեղաշրջումից հետո շարունակում է բանտարկված մնալ 71 հազար մարդ, հարցաքննվել է 41 հազար հոգի, արգելվել է շուրջ 2800 կազմակերպության գործունեություն: Փակվել է 157 լրատվամիջոց, 121 լրագրողներ և 60 քուրդ քաղաքապետեր շարունակում են մնալ անազատության մեջ: Վերջին մեկ տարվա ընթացքում Ֆեթուլլահ Գյուլենից և նրա համախոհներից բացի բազմաթիվ մարդիկ բռնաճնշումների ենթարկվեցին, հանիրավի բանտերը նետվեցին»,- ասաց թուրք գրողը:
Որպես դրական ձեռքբերում՝ Զեյնել Աբիդին Քըզըլյափրաքը նշեց՝ Թուրքիան ավելի վատ վիճակում էր Էրդողանի ղեկավարման առաջին տարիներին, այժմ երկիրն այդ տարիներից ավելի վատ վիճակում չէ:
Հարցին՝ ինչպե՞ս է, որ թուրքական իշխանությունները մինչև այժմ չեն բանտարկել իրեն, թուրք հրապարակախոսը պատասխանեց՝ պատճառը երևի այն է, որ ինքը Եվրոպայի հետ սերտ կապերի մեջ է, տարվա զգալի մասն ապրում է Գերմանիայի Քյոլն քաղաքում:
«Բայց միևնույն է, անընդհատ վախի մեջ եմ ապրում, ամեն անգամ Քյոլն մեկնելիս մտածում եմ՝ ուր որ է՝ օդանավակայանում ինձ կբռնեն, կհարցաքննեն ու բանտ կտանեն»,- ասաց բանախոսը:
Զեյնել Աբիդին Քըզըլյափրաքը հույս հայտնեց, որ 2019 թվականին նախագահական ընտրություններին Ռեջեփ Թայիփ Էրդողանը պարտություն կկրի:
Թուրք գրողը նաև ընդգծեց՝ չի կարծում, որ Հայոց ցեղասպանության կամ Քուրդիստանի մասին թուրքական խորհրդարանում բարձրաձայնելու համար պատգամավորներին տուգանելու օրինագիծ մշակվի:
Նա նաև նշեց, որ Թուրքիայում՝ նոր, ավելի լայնախոհ, պատմական իրողությունը գնահատող երիտասարդություն է մեծանում. «Իսկ անձամբ ես ուզում եմ ինքնահարգանքով ապրել: Պատմությունը դրժելու և իրերն իրենց անուններով չկոչելու համար մարդը պետք է արժանապատվությունից զուրկ լինի»: