Ռուս-ադրբեջանական հարաբերությունների միջով գուցե կատու է անցել, և այդ կատվի գույնն էլ սև է. Շարմազանով
Արցախաադրբեջանական հակամարտությունը վերջին շրջանում նոր փուլ է թևակոխել: Ադրբեջանը, մերժելով իր ստանձնած պարտավորությունները, պարբերաբար սրում է սահմանային իրավիճակը, իրականացնում դիվերսիոն հարձակումներ: Նա իր բնակչությանն օգտագործում է որպես կենդանի վահան: Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ ազգային ժողովի փոխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ երեկ կայացած հանդիպմանը՝ բանախոսը շեշտեց՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մեկ անգամ ևս վերահաստատեցին՝ ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի բացառապես բանակցությունների միջոցով:
«Հայկական կողմը վերահաստատում է իր այն դիրքորոշումը, որ անհնար է առաջընթաց ապահովել առանց Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների իրագործման: Ադրբեջանը շարունակում է իր ապակառուցողական մոտեցումները և չի իրականացնում վերոնշյալ պայմանավորվածությունները: Հայկական կողմը պետք է շարունակի իր կոշտ դիրքորոշումը:
Ամենակարևորն Արցախի քաղաքացիների անվտանգության ապահովումն է, և հակամարտությունը պետք է լուծվի Արցախի քաղաքացիների ամբողջական, ազատ կամարտահայտման իրացման ճանապարհով:
Մյուս կողմից, միջազգային կառույցները պետք է գործուն մեխանիզմներ գործադրեն Ադրբեջանի վրա՝ իրականացնելու Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պարտավորությունները»,- նշեց պաշտոնյան:
Էդուարդ Շարմազանովը գործնականում լայնածավալ պատերազմը բացառեց: Նրա խոսքով, որևէ մեկն Ադրբեջանին թույլ չի տա սիրիական հակամարտության գոտուն շատ մոտ նոր, թեժ կետ բացել:
Անդրադառնալով ռուս-ադրբեջանակա հարաբերություններին՝ ԱԺ փոխխոսնակն ընդգծեց՝ դրանք թևակոխում են ոչ կառուցողական փուլ. «Այդ հարաբերություններում միգուցե կատու է անցել և այդ կատվի գույնն էլ սև է: Որ Ռուսաստանը հստակ մեսիջ է հղում Ադրբեջանին, սա փաստ է»:
Ինչ վերաբերում է Ալիև-Էրդողան վերջին հանդիպմանը՝ Էդուարդ Շարմազանովը նկատեց՝ նրանք վերահաստատեցին, որ արցախադրբեջանական խնդրում գործ ունենք ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև նրան ուղղակիորեն սատարող թուրքական իսթեբլիշմենթի հետ: Վրաստանի հետ հարաբերույթւոնների մասին էլ խոսելով՝ հայ պաշտոնյան շեշտեց՝ Հայաստանը ռուս-վրացական հաջող հարաբերություններից միայն կշահի: