Հյուսիս-Հարավ ճանապարհին ակտիվ շինարարություն է ընթանում. Վահան Մարտիրոսյան
Ներկայումս Հյուսիս-Հարավ ճանապարհին ակտիվ շինարարություն է ընթանում։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:
«Երեկ եղել եմ երկու տարածքներում, որտեղ աշխատում են իսպանական և չինական ընկերությունները։ Երբ գարնանն ասում էի, որ խնդիրներ կային և շինարարությունն ուշանում էր, հիմա այդ խնդիրները լուծվել են, ակտիվ շինարարություն է ընթանում: Իսպանական հատվածում ճանապարհի կողմից չի երևում, բայց բավականին շատ բետոնապատման աշխատանքներ են արվել, մինչև ամսվա վերջ կունենանք մոտ 4 կմ-ից ավելի բետոնապատ ճանապարհ: Օրական միջինը 300 մետր բետոնապատում է իրականացվում՝ զուգահեռ պատրաստելով հիմքերը»,- ասաց նախարարը:
Նրա խոսքերով՝ Թալին-Գյումրի հատվածում աշխատում է չինական ընկերություն և համեմատած անցած տարվա վերջին, շինարարական աշխատանքներն այժմ բավականին ակտիվացել են։ Վահան Մարտիրոսյանը հայտնեց, որ Գյումրի-Երևան հատվածի շինարարությունը կավարտվի 2019 թ. ամռանը։
Հարցին, թե որքան գումար է հարկավոր «Հյուսիս-Հարավ» մայրուղին ամբողջությամբ կառուցելու համար, նախարարը նշեց, որ հստակ թիվ չի կարող ասել, քանի որ դեռևս կան հատվածներ, որ նախագծման աշխատանքները վերջնական չեն, դրանից հետո մրցույթներ պետք է լինեն, և մրցույթների արդյունքներից հետո նոր կարող են թիվ հրապարակել:
Պատասխանելով ծրագրի իրականացման ընթացքում փողերի փոշիացման և լվացմանը վերաբերող հարցին՝ Վահան Մարտիրոսյանն ասաց, որ իր գնահատականով՝ գումար չի փոշիացել. «Իմ գնահատականով՝ ոչ: Եթե հարցն այդպես եք դնում, ինձնից պատասխանը չեք կարող ակնկալել։ Կարող եք ակնկալել, եթե ինչ-որ քննություն գնա դրան վերաբերող։ Ինչ վերաբերում է ինձ, ես ուսումնասիրում եմ այն չափով, ինչքանով մեր պարտականություններն են, և ես այդպիսի բան չեմ տեսնում»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին