Բարձր է գնահատվել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հակազդման աշխատանքներում Հայաստանի ձեռքբերումները
«Առողջապահության ֆրանսիական օրերի» շրջանակում Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության Ֆրանսիայի դեսպանության սոցիալական հարցերով խորհրդական Դանիել Մաթյոն այցելել է ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն՝ ծանոթանալու իրականացվող աշխատանքներին:
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նախքան կենտրոն այցելելը Դանիել Մաթյոն եղել է Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղում, որտեղ տեղում ծանոթացել է ՁԻԱՀ-ի կենտրոնի շարժական բուժախտորոշիչ կլինիկայում տրամադրվող ծառայություններին:
Խորհրդականը ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում շրջել է տնօրենի տեղակալ Արամ Հակոբյանի և համաճարակաբանական հսկողության բաժնի վարիչ Արշակ Պապոյանի ուղեկցությամբ, ծանոթացել բաժինների կողմից կատարվող աշխատանքներին: Այնուհետև տեղի է ունեցել կլոր-սեղան քննարկում, որին մասնակցել են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության աշխատակից Ֆրեդերիկ Ռայնբոլդը և ՁԻԱՀ-ի կենտրոնի բժիշկները:
Բժիշկ-համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը ներկայացրել է Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակը, համաճարակի զարգացման առանձնահատկությունները, խոսել է ՀՀ-ում ՄԻԱՎ վարակի նկատմամբ առավել խոցելի խմբի՝ միգրանտների և նրանց ընտանիքի անդամների շրջանում հիվանդության կանխարգելման ուղղությամբ կատարվող աշխատանքների մասին, ապա նշել ոլորտում երկրի ձեռքբերումներն ու դրանցում ՁԻԱՀ-ի կենտրոնի ունեցած ներդրումը:
Արշակ Պապոյանն իր խոսքում կարևորել է այդ ձեռքբերումների և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ազգային ծրագրի իրականացման գործում դոնորների և տեխնիկական գործընկերների դերը` անդրադառնալով ֆրանսիական 5% նախաձեռնության շրջանակում վերջին տարիներին տրամադրվող տեխնիկական աջակցությանը:
Դանիել Մաթյոն ներկայացրել է Ֆրանսիայում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակը և միգրանտների շրջանում իրականացվող կանխարգելման աշխատանքները:
Հանդիպման ավարտին խորհրդականը պատասխանել է հայ գործընկերների հարցերին: Նա բարձր է գնահատել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հակազդման աշխատանքներում երկրի ձեռքբերումները, հատկապես մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վերացման գործում, և շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության համար: