Պատանի մարզիկներն Օլիմպիական փառատոնում հանդես կգան վեց մարզաձևում
Հուլիսի 22-30-ը պատանի մարզիկները Հունգարիայի Գյոռ քաղաքում կմասնակցեն Եվրոպական ամառային օլիմպիական փառատոնին:
Շուրջ 50 երկրի մարզիկներ կպայքարեն 10 մարզաձևում` թենիս, հեծանվային սպորտ, լող, ձյուդո, աթլետիկա, սպորտային մարմնամարզություն, վոլեյբոլ, բասկետբոլ, հանդբոլ և կանոե: Հայ պատանիները հանդես կգան դրանցից վեցում.
ՀԱՕԿ-ից հայտնում են՝ Եվրոպական ամառային օլիմպիական փառատոնին կմասնակցեն Յուրի Մարտիրոսյանը, Արթուր Սողոյանը, Էվելինա Մարտիրոսյանը, Եվա Խաչատրյանը (բոլորը` թենիս), Ամու Ասուբովը, Հովհաննես Երանոսյանը, Հենրիկ Երանոսյանը (երեքն էլ` հեծանվսապորտ), Արթուր Բարսեղյանը, Վարսենիկ Մանուչարյանը (երկուսն էլ` լող), Արտյոմ Ղալաչյանը, Սամվել Գևորգյանը, Արսեն Ավեդիսյանը, Ռոբերտ Թորոսյանը, Նունե Նազարյանը (բոլորը` ձյուդո), Դավիթ Սարգսյանը (աթլետիկա), Ժորա Սմբատյանն ու Անահիտ Ասադուրյանը (երկուսն էլ` մարմնամարզություն):
Հայաստանի մարզական պատվիրակության ղեկավարը ՀԱՕԿ սպորտի և միջազգային կապերի վարչության պետ Գագիկ Բոլշիկյանն է:
«Հայ մարզիկները բազմիցս մասնակցել են օլիմպիական փառատոններին և լավ են հանդես եկել: Հուսանք, որ այս տարի ևս մեր պատանիները պատվով կներկայացնեն Հայաստանը»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասել է Գագիկ Բոլշիկյանը: