Հուլիսի 7-ին Արցախում վիրավորված զինծառայողներից երկուսը տեղափոխվել են Երևան
Հուլիսի 7-ին ադրբեջանական զինուժի արկակոծության հետևանքով տարբեր աստիճանի բեկորային վիրավորումներ ստացած երկու զինծառայողի տեղափոխել են Երևան, երրորդը բուժումը շարունակում է Ստեփանակերտում: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ Բուժծառայության վարչության պետ Կամավոր Խաչատրյանը:
Նրա խոսքերով՝ Երևան տեղափոխված զինծառայողներից մեկի առողջական վիճակը բավարար է, արդեն տեղափոխվել է հիվանդասենյակ, իսկ մյուս զինծառայողը դեռևս վերակենդանացման բաժանմունքում է, սակայն առողջական վիճակը գնահատվում է կայուն՝ դրական դինամիկայով, գտնվում է բժիշկների հսկողության տակ:
Ստեփանակերտի հոպիտալում գտնվող երրորդ զինծառայողի վիճակն էլ, ըստ Կամավոր Խաչատրյանի, գնահատվում է նորմալ:
Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին հակառակորդը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ օգտագործելով ինչպես հրաձգային զինատեսակներ, այնպես էլ Դ-30 և Դ-44 տիպի հրանոթներ, տարբեր տրամաչափի ականանետեր ու նռնականետեր: Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, ադրբեջանական զինուժի արկակոծության արդյունքում՝ տարբեր աստիճանի բեկորային վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Ռոբերտ Նովրուզի Գասպարյանը (ծնվ. 1969թ.), Համբարձում Կարապետի Հարությունյանը (ծնվ. 1997թ.) և Վահե Գագիկի Բադալյանը (ծնվ. 1998թ.):