Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումն ավարտվել է, հաջորդը կլինի սեպտեմբերին
Ավարտվեց Բրյուսելում կայացած Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի և Ռիչարդ Հոգլանդի նախաձեռնությամբ, որին ներկա էր նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը: Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ լրատվական ծառայությունից։
Հանդիպմանը շարունակվեցին ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծման շուրջ քննարկումները:
Էդվարդ Նալբանդյանը ընդգծեց շփման գծում իրավիճակի կայունացման անհրաժեշտությունը ու այդ նպատակով շեշտեց Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը:
Եռանախագահներն արտգործնախարարներին խնդրեցին նախագահներին փոխանցել իրենց առաջարկն այս տարվա ընթացքում գագաթաժողովի կազմակերպման վերաբերյալ։
Պայմանավորվածություն ձեռք բերվեց արտգործանախարարների հաջորդ հանդիպումը անցկացնել ս.թ. սեպտեմբերին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում։