Որքան շատ լինեն փառատոներն, այնքան լավ. Գագիկ Մանասյան
«Հայաստանում վերջին տարիներին փառատոների կազմակերպման գործընթացը շատ աշխույժ է: Որքան շատ լինեն փառատոներն, այնքան լավ»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Գագիկ Մանասյանը:
Նրա խոսքով, փառատոների ընթացքում ի հայտ են գալիս նոր անուններ, նոր մարդիկ:
«Երգարվեստի բնագավառում կա հանրությանը ներկայանալի դառնալու, արվեստը ցուցադրելու, ճանաչելի դառնալու բնական խնդիրը: Փառատոնը նպաստում է նման հարցերի լուծմանը»,- հավելեց Գ. Մանասյանը:
Նա նշեց, որ օրինակ՝ Գերմանիայում կա 7000 փառատոնային հիմնադրամ, երբ որ պետությունն ինչ-որ տեղ չի կարողանում լիարժեքորեն այդ խնդիրները լուծել, պետությանը և արվեստին օգնության են գալիս այդ հիմնադրամները:
«Մարդիկ այդ ֆոնդերով կարողանում են լուծել իրենց արվեստի հանրահռչակման ճանապարհին առաջացած բոլոր խոչընդոտները»,- ասաց բանախոսը:
Գագիկ Մանասյանի խոսքով, փառատոները նպաստում են երաժշտության զարգացմանը, հանրահռչակմանը, շատ երաժիշտներ փառատոների օգնությամբ կարողանում են գտնել իրենց ճանապարհը: