Առաջիկա տարվա ծրագրերում Դիլիջանի ջրի մաքրման հարցն ընդգրկված չէ
Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի խմելու ջրի մաքրման հարցը «Վիոլա Ջուր» ընկերության կողմից Ջրային տնտեսության պետական կոմիտեին ներկայացրած առաջիկա տարվա աշխատանքների ծրագրում չկա: Դիլիջանցիները կբացեն ծորակն ու այնտեղից կգա ոչ այն ջուրը, որով հպարտանում է Մհեր Մկրտչյանը հայտնի ֆիլմում:
Բանն այն է, որ «Վիոլա ջուր»-ի հետ կնքած պայմանագրով նախատեսված է՝ ընկերությունն իրականացնելու է պարտադիր կապիտալ աշխատանքներ: Աշխատանքների ծրագիրը նախապես ներկայացվում է Ջրային տնտեսության պետական կոմիտե՝ համաձայնեցնելու համար: Պարտադիր կատարման աշխատանքների ծրագիրը կազմվում է՝ հաշվի առնելով խնդիրների առաջնահերթությունն ու հրատապությունը: Այս պահին համարում են, որ Դիլիջանի ջրի մաքրումից առավել հրատապ խնդիրներ կան, օրինակ, համայնքներ կան, որոնք խմելու ջուր ընդհանրապես չունեն:
«Ըստ «Վիոլա ջուր» ընկերության ներկայացրած ծրագրի, նախատեսվում է, որ առաջիկա 15 տարիների ընթացքում իրականացվելու են 37.5 մլրդ դրամի աշխատանքներ, որոնք վերաբերում են գույքի պահպանման, վերանորոգման ու որոշակի բարելավման միջոցառումներին: «Վիոլա Ջուր» ընկերության կողմից ներկայացրած այս տարվա ծրագրում, որի համար կպահանջվի 1.8 մլրդ դրամի ներդրում, Դիլիջանի խմելու ջրի մաքրման աշխատանքները ներառված չեն»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը:
Այս պահին հստակ հաշվարկ էլ չէ, թե ինչքան գումար է անհրաժեշտ Տավուշի մարզի այդ քաղաքի բնակիչներին մաքուր խմելու ջրով ապահովելու համար: Թե ընկերությունը, թե պետական մարմինը նշում են հսկա ներդրումների մասին:
«Կոմիտեն այս պահին ուսումնասիրում է բոլոր հնարավորությունները, որոնց միջոցով կարելի է ներդրումներ ուղղել Դիլիջանի ջրի մաքրման կայանի վերակառուցման համար: Այս պահին ոչ կոմիտեն, ոչ ընկերությունն այդ տարածքում ռեալ ծրագիր չունեն»,-ասաց Կոմիտեի խոսնակը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները