Արցախի ՊԲ-ն պատրաստ է իրավիճակից ելնելով ձեռնարկել նաև հարձակողական գործողություններ. Լևոն Մնացականյան
Հուլիսի 12-ին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ընդունել է աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ ազգային ժողովի մի խումբ պատգամավորների:
Ինչպես տեղեկացնում են Արցախի ՊԲ մամուլի ծառայությունից, հանդիպման մեկնարկին ողջունելով բարձրաստիճան հյուրերին, բանակի հրամանատարը վերջիններիս խնդրանքով անդրադարձել է նախորդ տարվա ապրիլյան ռազմագործողություններին՝ դրանք որակելով Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի ձեռնարկած զանգվածային հարձակում՝ հաշվի առնելով հակառակորդի կողմից գործողության մեջ դրված հատուկ նշանակության ուժերը, մեծ քանակությամբ զրահատանկային ստորաբաժանումները, համազարկային, հրթիռային և հրետանային միջոցները, արդի տեխնոլոգիաներ պարունակող զինատեսակներն ու ընտրված հարվածային ուղղությունները:
Այնուհետև Լևոն Մնացականյանը ներկայացրել է հետապրիլյան աշխատանքները՝ նշելով, որ կատարվել են համակողմանի վերլուծություններ, ներկայացրել տեղ գտած բացթողումների ու թերացումների վերացման ուղղությամբ կատարված և կատարվելիք գործընթացների համալիրը:
Ներկայումս առաջնագծում տիրող իրադրությունը որակելով որպես կայուն վերահսկվող՝ Արցախի ռազմական գերատեսչության ղեկավարը վստահեցրել է, որ պաշտպանության բանակն ի վիճակի է համարժեք պատասխանելու հակառակորդի սադրանքներին և պատրաստ է իրավիճակից ելնելով ձեռնարկել նաև հարձակողական գործողություններ:
Վերջում բանակի հրամանատարը պատասխանել է Հայաստանի Հանրապետության օրենսդիր մարմնի ներկայացուցիչների հարցերին, որոնք վերաբերում էին առաջնագծում ինժեներական կահավորման, մարտական հերթապահությունն էլ ավելի անվտանգ դարձնելու ուղղությամբ կատարված աշխատանքներին, բանակում կիրառվող նորարարություններին, տեսադիտարկման համակարգերի հնարավրություններին ու արդյունավետությանը:
Հայաստանի և Արցախի խորհրդարանների միջև հարաբերություններն ամրապնդելու և զարգացնելու նպատակով հուլիսի 11-13-ը Ստեփանակերտ (Արցախի Հանրապետություն) է մեկնել ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Հակոբ Հակոբյանը, Գագիկ Մինասյանը, Խոսրով Հարությունյանը, Կորյուն Նահապետյանը, Հրայր Թովմասյանը, Արմեն Աշոտյանը, Վարդան Բոստանջյանը, Նաիրա Զոհրաբյանը, Արմեն Ռուստամյանը, Վահե Էնֆիաջյանը, Արաիկ Հովհաննիսյանը, Կարեն Ավագյանը և Աղվան Վարդանյանը:
Արցախի Ազգային ժողովի լրատվական ծառայությունից էլ հայտնում են, որ այցի շրջանակում պատվիրակությունը հանդիպումներ է ունենալու Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի, ԱՀ Ազգային ժողովի խմբակցությունների ղեկավարների, մշտական հանձնաժողովների նախագահների հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին